Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզպետարանում


Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզպետարանում

  • 17-12-2013 17:02:27   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ: 
Քննարկվեցին մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների կողմից  2014թ. բյուջեների կազմման գործընթացներին , մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսական վիճակին, ինչպես նաեւ պետական տարբեր ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող եւ այլ հարցեր:
 
Նշվեց, որ 2013թ. 11 ամիսների տվյալներով` մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 101,7 տոկոս,  հողի հարկի կատարողականը` 100,7, գույքահարկինը` 100,4 տոկոս:  Զեկուցվեց, որ ընթացքում են 2014թ. բյուջեների կազմման աշխատանքները, որոնք նախատեսվում է  ավարտել մինչեւ  դեկտեմբերի 20-ը:  Փոխվարչապետն ընդգծեց  ծախսերի  առավելագույն  արդյունավետ եւ նպատակային  պլանավորման կարեւորությունը ` մարզպետարանի  պատասխանատուներին միաժամանակ  հորդորելով անհրաժեշտության դեպքում մեթոդական  աջակցություն ցուցաբերել համայնքներին: 
 
Քննարկվեցին նաեւ  մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների  գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ առողջապահական եւ կրթական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությանը:     
 
Խորհրդակցությանը  տեղեկություններ ներկայացվեցին  նաեւ հողօգտագործողներին  մատչելի գնով ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի  եւ ցորենի սերմացուի հատկացման ծրագրերի իրականացման ընթացքի մասին: Նշվեց, որ մարզի հողօգտագործողներին հատկացրած պարարտանյութի եւ դիզվառելիքի դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարված են, ցորենի սերմացուի դիմաց հավաքագրումների գործընթացը շարունակվում է: Մթերված պտուղ-բանջարեղենի  դիմաց վճարումները եւս հիմնականում կատարված են:
 
Ներկայացվեց  նաեւ մարզի համայնքներում տեղեկատվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ  է տեղադրված  մարզի  97 համայնքներից  81-ում, որոնցից 78-ը նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժի  իրականացման հնարավորություն ունի: 
ՏԿ Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են,  որ փոխվարչապետը  համայնքներում  աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւորեց էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը:  
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play