ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷՖԵԿՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ


ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷՖԵԿՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

  • 17-01-2014 15:11:17   | Հայաստան  |  Վերլուծություն

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷՖԵԿՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸՍույն հետազոտության նպատակը Մաքսային միության հետ Հայաստանի Հանրապետության՝ տարբեր սցենարներում փոխգործակցության մակրոտնտեսական էֆեկտի վերլուծությունն է և ընդհանուր գնահատականը։

ՄՄ-ին Հայաստանի միանալու հետևանքների էֆեկտների քանակական վերլուծությունը ցույց է տվել, որ ՄՄ-ի հետ ինտեգրման գործընթացում Հայաստանի ՀՆԱ հավելյալ աճը կկազմի տարեկան մոտ 4%։ Հատկանշական է, որ միայն ռուսական գազի գնի իջեցումից (մեկ տարում 140 մլն դոլար ծավալով) սպասվող առևտրային էֆեկտը համադրելի է ՀՆԱ աճին 146 մլն-ով, ինչը երկրի համար երկարաժամկետ շրջանում կապահովեր ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագիրը։

Հայաստանի ինտեգրումը ՄՄ-ՄՏՏ-ում նախընտրելի է հանրապետության տնտեսական զարգացման ցանկացած ռազմավարության ընտրության պարագայում՝ ինչպես ներքին պահանջարկի ընդլայնման, այնպես էլ զարգացման արտահանական կողմնորոշման սցենարի ընտրության դեպքում։ ՄՄ և ՄՏՏ լիիրավ մասնակից դառնալով՝ Հայաստանը կկարողանա արդյունավետորեն լուծել սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներն ու դուրս գալ կայուն և հավասարակշռված աճի ուղեգիծ։

ՄՏՏ-ին Հայաստանի անդամակցության հիմնական օգուտներից մեկն աշխատանքի միասնական շուկա մտնելն է։ ՄՏՏ համաձայնագրերն աշխատանքային միգրացիայի ոլորտում ուղղված են մասնակից պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորմանը, ինչպես նաև աշխատանքի ընդհանուր շուկայի ստեղծմանն ու արդյունավետ գործունեությանը։ Տրանսֆերտների 85%-ը ներկայում ստացվում է Ռուսաստանում աշխատող միգրանտներից (Հայաստանի ՀՆԱ 15%-ը)։ ՄՏՏ համաձայնագրերին միանալը տարեկան 40 մլն դոլարով տրանսֆերտների ծավալների աճ կապահովի։ Դա կօգնի Հայաստանի վճարային հաշվեկշռի առևտրային հաշվի կայուն ֆինանսավորմանը։

ՄՏՏ-ում ապրանքների և կապիտալի ազատ տեղաշարժի շնորհիվ երկիրը տարողունակ և պաշտպանված շուկա մուտքի իրավունք կունենա և, միևնույն ժամանակ, ներդրումների հոսք կստանա դեպի այն հատվածներ, որոնք կողմնորոշված են ինչպես դեպի ՄՏՏ, այնպես էլ երկրի ներքին շուկա։ Արդյունքում՝ կխթանվի Հայաստանի տնտեսության արտահանական կողմնորոշում ունեցող ճյուղերի զարգացումը։ Երկիրը կկարողանա առաջ շարժվել ռազմավարական այնպիսի խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսին են տրանսպորտային մեկուսացման հաղթահարումն ու էներգապոտենցիալի հզորացումը։ Հայաստանում ՄՏՏ երկրների ներդրողների մասնակցությամբ իրականացվող առավել խոշոր, հեռանկարային ենթակառուցվածքային նախագծերի շարքում կարելի է դասել նոր ատոմակայանի կառուցումը և էներգետիկ այլ նախագծերի իրագործումը, դեպի Իրան երկաթուղու, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությունը, Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը։

Հատկապես կարևոր է այն, որ այդ նախագծերի իրականացմամբ շահագրգռված է ոչ միայն Հայաստանը, այլև ՄՄ-ՄՏՏ մյուս մասնակիցները, քանի որ Հայաստանով դեպի Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք ձգվող երկաթուղային և ավտոճանապարհային միջանցքների ստեղծման և զարգացման նախագծերի իրականացումն այդ շուկաները կկապի ՄՄ երկրների հետ։ Այս համատեքստում դրական է նաև դեպի Իրան ձգվող էլեկտրացանցերի կառուցումը։

Զեկուցման մեջ դիտարկվել է նաև Հայաստանի արտաքին առևտրի պոտենցիալը։ Երկիրը պետք է էապես՝ մինչև Մաքսային միության մակարդակի բարձրացնի իր շուկայի պաշտպանությունը (Հայաստանի միջին կշռված ներմուծման մաքսային սակագինը ներկայում կազմում է 2,7%, իսկ Մաքսային միությունում 2014թ. գործելու է 6,9% մակարդակի սակագինը)։ Մաքսատուրքերի բարձրացումը կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, բայց գործի կդնի ճշտման մեխանիզմը ԱՀԿ շրջանակում։

Եվգենի Վինոկուրովը և Միխայիլ Դեմիդենկոն «Республика Армения» թերթին տված հարցազրույցում պատմել են ՄՄ-ին և ՄՏՏ-ին Հայաստանի միանալու էֆեկտների մասին

ԶԵԱԲ (Զարգացման եվրասիական բանկ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի (ԻՀԿ) տնօրեն Եվգենի Վինոկուրովը և ԻՀԿ ուղղության ղեկավար Միխայիլ Դեմիդենկոն «Республика Армения» հասարակական-քաղաքական թերթին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել են «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի՝ տարբեր սցենարներում փոխգործակցության տնտեսական էֆեկտի գնահատականը» հետազոտության արդյունքները։ Ավելի մանրամասն՝ http://www.ra.am/?num=2013121109#2013121109 
 

 Պրեզենտացիան՝ (ռուսերեն (422 Kb)անգլերեն (346 Kb)

 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն