Միջազգային փորձագետները տպավորված են Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների գործընթացից


Միջազգային փորձագետները տպավորված են Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների գործընթացից

  • 22-01-2014 11:12:08   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: 
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը՝ 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Հյուրերը բարձր են գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կառավարության գործունեությունն ու նպատակամղվածությունը, և պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ աշխատանքներին: Նշելով, որ իրենց ներկայացրած ընկերությունը Եվրոպայում համարվում է առաջատարներից և խոշորագույններից մեկը՝ «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Ալեքսանդր Շյուցը նշել է, որ տպավորված են կենսաթոշակային բնագավառում խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կայացրած ճիշտ որոշումից: «Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատև սոցիալական և տնտեսական կայունություն»,- ասել է Շյուցը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: «Ունենալու ենք 270 հազար պատասխանատու քաղաքացիներ, որոնք վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլև ֆոնդերի կառավարիչներին և կառավարությանը»,- ասել է վարչապետը: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրությա, այնուհետև կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերին: 
 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play