ՀՀ ԿԳ նախարարի հանդիպումները Թբիլիսիում շարունակվում են


ՀՀ ԿԳ նախարարի հանդիպումները Թբիլիսիում շարունակվում են

  • 01-02-2014 18:21:39   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ռեկտորի տեղակալ Լ. Ալախիձեն, ողջունելով պատվիրակության անդամներին, հակիրճ ներկայացրել է վերջին շրջանում բուհում իրականացված մասնագիտական ու կազմակերպական գործընթացները` կարևորելով ակադեմիական ազատությունների ընդլայնման խնդիրը: 

Նա անդրադարձ է կատարել նաև բուհական համակարգի մարտահրավերներին՝ մասնավորապես առանձնացնելով վրաց երիտասարդների շրջանում իրավագետի, տնտեսագետի և նմանատիպ այլ  մասնագիտությունների նկատմամբ մեծ հետաքրքրության խնդիրը: Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունները շահագրգիռ են, որպեսզի ընդլայնվեն երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների միջև հորիզոնական կապերը, որոնք կնպաստեն ինչպես ուսանողների և դասախոսների շարժունության աստիճանի բարձրացմանը, այնպես էլ համատեղ միջազգային ծրագրերի իրականացմանը:  Անդրադառնալով հայագիտության խնդրին` նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է որոշակի դրամաշնորհներ տրամադրել Վրաստանի բուհերի այն ուսանողներին, ովքեր նախընտրում են հայագիտական թեմաներով ուսումնասիրություններ իրականացնել: 
Հայկական պատվիրակությունը հանդիպել են նաև Թբիլիսիի պետական համալսարանում սովորող հայ և վրացի ուսանողների հետ: Նախարարը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կրթաթոշակային ծրագրերին, Վրաստանում հայկական դպրոցների վիճակին, հայոց լեզվի ու հայոց պատմության դասաժամերին: Նախարարն ուսանողներին տեղեկացրել է, որ հայ համայնքի խնդիրները եղել են Վրաստանի կրթության և գիտության նախարար Թ. Սանիկիձեի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման օրակարգում և ներկայացրել է որոշ մանրամասներ այդ հարցերի հետ կապված:
Հայկական պատվիրակությանն հանդիպում է ունեցել  նաև Վրաստանի Սփյուռքի նախարար Կ Սուրգուլաձեի հետ: Նա ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և ընդգծել, որ վարացական կողմին հետաքրքիր է այն մեծ փորձը, որն ունի Հայաստանն այդ ոլորտում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթության ոլորտում Սփյուռքի հետ իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձ կատարլով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայագիտական և գաղթօջախների կարիքները բավարարելու համար տրամադրվող կրթաթոշակային, համահայկական օլմպիադաների կազմակերպման ծրագրերին:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Իլիայի պետական համալսարան, որտեղ համալսարանի աշխատակազմի ղեկավար Զ. Ջավախիշվիլին և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության  համաձայնագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման և գիտաժողովների կազմակերպման հեռանկարներ: ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, որպես համաձայնագրից բխող առաջին գործնական քայլ, պատրաստակամություն է հայտնել բուհի կողմից կազմակերպվող ուսանողական ամառային դպրոցում ընդգրկել նաև Իլիայի համալսարանի ուսանողներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ