Հարցազրույց տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ


Հարցազրույց տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ

  • 05-02-2014 12:27:20   | Վրաստան  |  Հարցազրույցներ
 
 

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:

 

Սրբազա՛ն հայր, մի քանի օր առաջ Կառավարությունը հայտարարել է մի քանի կրոնական միաբանությունների ֆինանսավորման որոշման ընդունման մասին, այդ թվում նաև Վիրահայոց թեմին՝ Խորհրդային համակարգի ժամանակահատվածում հասցված վնասի փոխհատուցման նպատակով. Հենց հաջորդ օրն Առաջնորդարանը արտահայտեց իր ուրախությունը՝ Կառավարության տվյալ որոշման վերաբերյալ. ուզում ենք իմանալ` ինչի՞ համար են տալիս այդ փողը և ի՞նչ պայմաններով:

- Ճիշտն ասած պաշտոնապես այս մասին դեռևս ոչինչ չի ասվել Թեմին: Լրատվամիջոցներից մեզ հասած տեղեկության համաձայն, Վրաստանում գործող ավանդական կրոնական չորս համայնքներին հատկացվել է 4.5 միլիոն լարի: Կառավարության որոշման համաձայն դա տրված է՝ որպես խորհրդային տարիներին հասցված վնասի մասնակի փոխհատուցում: Թե այդ գումարից որքան կհատկացվի Վիրահայոց Թեմի Առաջնորդարանին, պարզ կլինի առաջիկայում: Ինչ վերաբերում է պայմաններին, ապա Կառավարության որոշումով Թեմը կարող է դա ծախսել եկեղեցու առաքելության նպատակներով, այն ամեն անահրաժեշտ ծախսերը հոգալու, որ կարևոր են Թեմի առաքելությունը արդյունավետ իրականացնելու համար:    

Չնայած գուցե մանրամասնություններ դեռ չգիտեք, այսինքն ո՞նց, ի՞նչ պայմանով, բայց երևի մտածել եք, թե ինչի՞ վրա ուղղված կլինի այդ գումարը: Կարո՞ղ եք ասել, որ Համայնքն էլ պատկերացնի, թե ինչի՞ վրա կծախսվի այդ գումարը:

- Վերը նշվածում ասվեց, որ միջոցները կբաշխվեն եկեղեցական առաքելության նպատակով: Ծրագրվում է ստեղծել հոգաբարձուների խորհուրդ՝ տրամադրվող միջոցների ծախսման ուղղությունները և նպատակները ճշտելու համար: Միջոցները հնարավորություն են տալիս նորոգել եկեղեցական շենք-շինությունները, պահպանել կրթամշակութային, երիտասարդական թեմական կառույցները, նպաստել համայնքային կյանքի զարգացմանը: Կարելի է ասել, ինչ առաքելությամբ որ զբաղվում է Վիրահայոց Թեմը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքի, Ծալկայի փոխառաջնորդարանում և Վրաստանի այլ հատվածներում, նույն կերպ պիտի շարունակի իր հոգևոր և մշակութային գործունեությունը:

Այսօր գիտենք, որ եկեղեցին Թիֆլիսում և Վրաստանի այլ հատվածներում ունի ենթակառույցներ, օրինակ Թիֆլիսում Հայարտուն կենտրոն, Նինոծմինդայում ևս նոր բացվեց էլի մեկ եկեղեցական կենտրոն: Եվ մեզ հետաքրքիր է, եթե դա հնարավոր է ասել, տարեկան ընդամենը ինչքա՞ն է ծախսում Վիրահայոց թեմը իր ենթակառույցները պահելու վրա և այդ գումարները որտեղի՞ց են գալիս:

- Այս պահին  ողջ հաշվետվությունը ներկայացնելը դժվար է, բայց հաստատ կարող եմ ասել, որ ծախսվող միջոցները եկեղեցու ծիսական նշանակության եկամուտներից չեն: Ֆինանսական  մուտքերը ապահովվել են հոգաբարձուների խորհրդի անդամների նվիրատվություններից, Մայր Հայրենիքի Սփյուռքի, Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և Կրթության նախարարությունների օժանդակություններից և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության տրամադրած միջոցներից:

Իսկ հիմա ստացվում է, որ եթե ըստ նոր օրինագծի՝ պետությունը հատկացնի թեկուզ մեկ միլիոն լարի, կստացվի, որ Վրաստանի պետությու՞նն է ամենամեծ նվիրատուն Վիրահայոց թեմին:

- Կարելի է ասել, այդպես կլինի: Վրաստանի Կառավարության որոշումը ցույց է տալիս, որ պետությունը առաջնորդվում է եվրոպական երկրների սկզբունքներով: Օրինակ՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, մեր Եկեղեցու թեմերին, տուժված լինելով խորհրդային կարգերից, պետության կողմից ամեն տարի ավելի մեծ գումարներ են հատկացվում՝ իբրև փոխհատուցում: Օրինակ, Ռումինիայի մեր եկեղեցիները, մասնավորապես՝ Հաճկատարի վանքը, վերանորոգվել է ոչ թե բարերարների, այլ պետության կողմից հատկացված գումարի միջոցով:

Անդրադառնանք վնասի վերականգնման հատուցման հարցին: Մենք առաջին հերթին հաշված ունենք՝  ի՞նչ վնաս ունեցանք և այսօր ստանալով 1 միլիոն, թե 2 միլիոն, թե 50…,  դա կարևոր չէ, չէ՞ որ մենք չենք հրաժարվում իրականում այն էական վնասի հատուցումից, որը Վիրահայոց թեմին  է հասել դեռ Խորհրդային, հետո անկախ Վրաստանի ժամանակաշրջանում:

- Խորհրդային կարգերի ժամանակ Վիրահայոց Թեմին հասցված վնասները անհնար է որևէ նյութական միջոցով փոխհատուցել: Կառավարության սույն որոշումը ընդամենը երկրի քաղաքական դիրքորոշումն է կրոնական համայնքների նկատմամբ: Թեև առաջին քայլերն են իշխանությունների կողմից նման ընդգծված վերաբերմունքի, բայց արդեն նկատելի է նոր իշխանությունների դրական վերաբերմունքը Վրաստանի քաղաքացի, սակայն կրոնական կամ էթնիկ առանձնահատկություններով համայնքների նկատմամբ:

Առանձնահատուկ կարևոր նշանակություն ունեցավ մանավանդ Վրաստանի Պատրիարքարանի դրական վերաբերմունքը, որը մխիթարություն է ամենքիս համար և տեսանելի դրական տեղաշարժ: Թեև Վիրահայոց Թեմը վրաց իշխանություններից և Պատրիարքարանից մշտապես զգացել է բարեկամական և դրական վերաբերմունք, որը օգնել է Թեմի առաքելության ծավալմանը, սակայն այս նոր քայլով կարծեք նոր հնարավորություններ ու հորիզոններ են բացվում:

Ինչ վերաբերում է պատմական հուշարձանների և շենք-շինությունների՝ վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին, ապա հասարակությունը տեղեկացված է, որ նոյեմբերի 25-ին, Կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ պարոն Պաատա Զաքարեաշվիլու գլխավորությամբ, որը զբաղվելու է կրոնական համայնքների, այդ թվում նաև՝ Հայ Առաքելական եկեղեցու հուշարձանների պահպանության և կրոնական համայնքին վերադարձնելու խնդիրներով: Անհրաժեշտ է տարբերակել նյութական մասնակի փոխհատուցումը և մեր ժողովրդի պատմական հուշարձանների պահպանության և Թեմին վերադարձնելու խնդիրները: Առաջնահերթությունը միշտ մնում է պատմական տաճարները Վիրահայոց Թեմին վերադարձնելը, որը պիտի լինի անշուշտ բանակցությունների և քրիստոնեական եղբայարական համագործակցության մթնոլորտում: 

Կես տարի առաջ երբ «Միության» հետ խոսում էիք, ասացիք, որ դրական շարժումներ կան եկեղեցիների վերադարձման հարցում: Ասացիք, որ մշակույթի նախարարությանը կից հանձնաժողով է ստեղծված… Դրանից հետո վկա դարձանք, որ մշակույթին կից հանձնաժողովը վերացվեց և դարձավ կառավարությանը կից, կրոնական միաբանությունների հարցերով մի ընդհանուր հանձնաժողով: Կարո՞ղ եք ասել հիմա ի՞նչ փուլում են բանախոսություններն այս հարցով: Ե՞րբ կարձանագրենք էական փոփոխություն: Ինչպիսի՞ն են հիմիկվա հարաբերությունները Վրաց Պատրիարքարանի հետ:

Ինչպես գիտեք, հանձնաժողովը հաստատվեց նոյեմբերի վերջերին, և նրա աշխատանքն արդեն արդյունք է տվել: Տեղյակ ենք, որ հանձնաժողովը բանակցություններ է սկսել Թբիլիսիի Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ և Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցիների մերձակայքում ապրող մարդկանց հետ՝ եկեղեցիների վերանորոգման աշխատանքերը կազմակերպելու համար տարածքը ազատելու և փոխհատուցելու շուրջ: Հանձնաժողովի ստեղծումն արդեն գործնական քայլ է:  

Իսկ ինչ վերաբերում է Վիրահայոց Թեմի և Վրաց Պատրիարքանի միջև հարաբերություններին, դրանք միշտ էլ դրական են եղել: Ժամանակի հետ մենք նկատում ենք, որ մեր եկեղեցին աստիճանաբար ընկալվում է որպես գործընկեր հաստատություն: Այս վերաբերմունքը հատկապես մեր մասնավոր զրույցների ժամանակ տեսանելի է: Որոշակի դեր ունի նաև Կառավարության դրական մոտեցումը: Վերցնենք թեկուզ փոխհատուցման մասին որոշումը: Ուրախալի է, որ վրաց հասարակությունը, Պատրիարքարանը նույն օրը ողջունեցին Կառավարության որոշումը: Կարծում եմ, Պատրիարքարանը և պետությունը որոշակի հող են նախապատրաստում նոր բարեփոխումների համար: Չի բացառվում, որ միջազգային կառույցներն էլ են նպաստում այս գործընթացին: Միջազգային կարծիքը բոլոր երկրներում ունի իր դերը, կարծում եմ այստեղ նույնպես:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play