Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցներին


Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցներին

  • 15-02-2014 13:05:41   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ուղերձ է հղել Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
 
<<Երկրապահ կամավորական միության հարգելի անդամներ,
Համագումարի հարգարժան մասնակիցներ,
Ի սրտե ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում միության հոբելյանական` 10-րդ համագումարի կապակցությամբ: 
Երկրապահ կամավորական միությունն ստեղծվել է Արցախյան ազատամարտի տարիներին եւ առաջին իսկ օրից կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ավանդը հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի հաղթական ավարտի ապահովման մեջ: 
Հայ ժողովրդի արժանի զավակների սուրբ արյամբ են գրվել մեր նորագույն պատմության ոսկե էջերը: Նրանց սխրանքն ու հերոսությունն ընդօրինակման առարկա կլինեն դեռ շատ սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: 
Կարող ենք վստահությամբ ասել, որ երկրապահներն անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման եւ հայոց բանակի ստեղծման գործում: Այսօր էլ կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցում են հայրենիքի զորացմանը, հարազատ ժողովրդի բարգավաճմանը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սա դժվարին ու ազգանպաստ առաքելություն է, որը դուք իրականացնում եք արժանապատվորեն:
Թանկագին բարեկամներ,
Երկրապահ կամավորական միության բոլոր անդամներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, համագումարի մասնակիցներին` հաջող ու արդյունավետ աշխատանք>>:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play