Մեկնարկել են Համահայկական ձմեռային առաջին խաղերը


Մեկնարկել են Համահայկական ձմեռային առաջին խաղերը

  • 25-02-2014 18:44:00   | Հայաստան  |  Սպորտ

 

Ծաղկաձորում Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման հանդիասավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր:

Ողջունելով ձմեռային խաղերի մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել ու այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել՝ համահայկական խաղերը կայացել են: Վերահաստատելով համահայկական խաղերի կարևոր դերակատարումը Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման հարցում՝ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակիցներին մաղթել է արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություններ և համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել է բացված:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ, Համաշխարհային խաղերի համահայկական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ, իր հերթին ողջունելով մասնակիցներին և ներկաներին, մեկ անգամ ևս կարևորելով համահայկական խաղերի անցկացման դերը աշխարհասփյուռ հայերի համախմբման հարցում, հույս է հայտնել, որ ձմեռային խաղերի անցկացումը ևս կդառնա ավանդական ու կընդլայնի աշխարհագրությունը: Իշխան Զաքարյանն իր խոսքում նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերի անցկացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Առաջին անգամ անցկացվող Համահայկական ձմեռային խաղերին մասնակցում են շուրջ 400 մարզիկներ, աշխարհի 11 պետություններից: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունը ևս ակտիվ մասնակցություն է ունենալու: Ընդ որում, Երևանի թիմը մարզիկներ է հայտավորել բոլոր մարզաձևերում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում ձևավորվել է կազմկոմիտե, որի աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար ստեղծվել են մարզվելու և հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները: Այդ համատեքստում ձեռք է բերվել նաև մայրաքաղաքը ներկայացնող մարզիկ - մարզուհիների մասնագիտական և շքերթային հանդերձանքը:

Փետրվարի 24-ից մարտի 2-ը անցկացվող ձմեռային համահայկական առաջին խաղերի ծրագրում ընդգրկված է 4 մարզաձև՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play