Վաղ թե ուշ արևմտյան առաջնորդները դեն կնետեն կեղծ առաքինության դիմակը.Սայմոն Թիսդալ


Վաղ թե ուշ արևմտյան առաջնորդները դեն կնետեն կեղծ առաքինության դիմակը.Սայմոն Թիսդալ

  • 13-03-2014 18:25:27   | Ուկրաինա  |  Վերլուծություն
Ուկրաինայի հաշվով Վաշինգտոնի այս ամբողջ կեղծավոր փնչոց-ֆշշոցը ծակում է Եվրոպայի և հատկապես Ռուսաստանի ականջը՝ վերջին տարիներին այլ երկրների նկատմամբ ԱՄՆ ղեկավարության ներքո իրականացված ներխուժումների և միջամտությունների ֆոնին։ Դժվար է ասել, թե ինչն է ավելի շատ զարմացնում՝ Սպիտակ տան կիրառած երկակի չափորոշիչնե՞րը, թե՞, ըստ երևույթին, ամերիկյան պաշտոնական անձանց ինքնաքննադատության լիակատար բացակայությունը։
 
Պետքարտուղար Ջոն Քերին ծաղրուծանակի առարկա դառնալու ռիսկի դիմեց, երբ հայտարարեց, թե անընդունելի է ներխուժել մեկ այլ երկիր «լրիվ հորինված պատրվակով» և միայն այն պատճառով, որ ձեզ դուր չի գալիս նրա ներկայիս ղեկավարությունը։ Անմիջապես մտաբերում ես 2003 թվականի Իրաքը։ Այն ժամանակ հենց դա էլ արեցին Ջորջ Բուշն ու Թոնի Բլերը, երբ «մոգոնեցին» իրենց ատելի Սադամ Հուսեյնի կողմից զանգվածային ոչնչացման երևակայական զենքի ենթադրյալ կիրառման սպառնալիքը։
 
Ինչպեսև Սադամի պարագայում, 2001թ. Աֆղանստանի ղեկավարությունը՝ հանձին «Թալիբան» շարժման, որևէ համակրանք չէր ներշնչում։ Բայց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհից հետո, Օսամա բին Լադենի ու նրա մարզաճամբարների վրա թիրախավորվելու փոխարեն, Բուշը (կրկին ունենալով Բլերի աջակցությունը) ձեռնարկեց խոշորամասշտաբ իշխանափոխություն իրականացնել։ Այդ որոշման սահմռկեցուցիչ հետևանքները զգալի են անգամ 13 տարի անց, հատկապես աֆղանստանցի այն քաղաքացիական անձանց համար, որոնց մեջ զոհերի թիվն աճում է ՆԱՏՕ զորքերի դուրսբերման ժամկետի մոտենալուն զուգընթաց։
 
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը նախկինում իրավագիտության դասախոս է եղել և կարծես թե պետք է ավելի տեղյակ լիներ, ռուս պաշտոնակցին մեղադրում է Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտման մեջ։
 
Բայց չէ՞ որ հենց Օբաման է, որ ընթանալով Բուշի հետքերով, քանիցս ցինիկաբար արհամարհել է միջազգային իրավունքը՝ իրականացնելով (կամ սատարելով) բազմաթիվ զինված հարձակումներ օտար հողում և առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի թույլտվության, օրինակ՝ Լիբիայում, Սոմալիում, Եմենում և Պակիստանում։ Օբամայի վարչակարգն է, որ շարունակում է խափանել միջազգային իրավունքի հիմքերը՝ հրաժարվելով միանալ Միջազգային քրեական դատարանին կամ ճանաչել այն, չնայած նրան, որ այդ մարմինը միջազգային արդարադատության ամենակարևոր մեխանիզմն է 1945թ. տրիբունալների ժամանակներից ի վեր։
 
Եվ Օբամայի պետդեպարտամենտն է՝ հանձին պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի, որ անցած ամիս ճակատագրականորեն գերագնահատել է իր դերն ուկրաինական երկրորդ հեղափոխության մրցավազքում։ Նուլանդի աղմուկ հանած «f**k the EU» հայտնի արտահայտությունը վերհանեց Վաշինգտոնի մանևրների ողջ անխոհեմությունը, որոնց նպատակն էր Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեջտեղից հանելը՝ Կիևի փողոցներում ընդվզողների պահանջներին սատարելու միջոցով։
 
ԵՄ-ում փորձում էին ավելի աստիճանական մոտեցում ցուցաբերել՝ վախենալով առաջ բերել Ռուսաստանի հենց այն հակազդեցությունը, որի դեմ հիմա հանդես է գալիս ԱՄՆ-ը։ Երբ փետրվարի 22-ին Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները, հանդես գալով ԵՄ անունից, բանակցությունների միջոցով հասան արտահերթ ընտրությունների փոխզիջումային համաձայնությանը, թվաց, թե ճգնաժամն անցավ։ Ռուսաստանին այդ գործարքը դուր չեկավ, բայց, թերևս, պատրաստ էր հաշտվել դրա հետ։
 
Սակայն 24 ժամվա ընթացքում ընդդիմությունը «պատառ-պատառ արեց» այդ համաձայնությունը։ Յանուկովիչին ստիպեցին հեռանալ, իսկ կառավարությունը վերակազմավորեցին։ Մոսկվայի համար, որտեղ նվվացող ցավի նման դեռ արձագանքում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մղձավանջային հիշողությունները, տագնապի ահազանգ էր ուկրաինացի նեոֆաշիստների առկայությունը նրանց շարքերում, ովքեր զավթել էին իշխանությունը։ Նրանք են այժմ կազմում ուկրաինական նոր կառավարության մի մասը։
 
ԱՄՆ-ը գրեթե անհապաղ «օրհնեց» այն, ինչը Կրեմլը հետո կանվանի «պետական հեղաշրջում», իսկ ԵՄ-ը մնաց սոսկ որպես կողմնակի դիտորդ՝ հասկանալով, որ ԱՄՆ-ը հենց այդ էլ ուզում էր։ Զարմանալի չէ, որ Արևմուտքի նման երկակի խաղը հունից հանեց Ռուսաստանին։
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս երկյուղները հնչեցրեց այն ժամանակ, երբ Ուկրաինայի վերաբերյալ «ամենալուրջ մտահոգություն» արտահայտեց Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ զրույցում։ «Ընդդիմությունը ոչ միայն իր պարտավորություններից ոչ մեկը չկատարեց, այլև արդեն նորանոր պահանջներ է առաջադրում՝ ջուր լցնելով զինված ծայրահեղականների ու ջարդարարների ջրաղացին, որոնց գործողություններն ուղղակի սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու սահմանադրական կարգին»,- ասաց Ս.Լավրովը։ Բայց արդեն շատ ուշ էր։
 
Օբաման և Քերին հասցրել են փոքր-ինչ սառել ճգնաժամն սկսվելուց հետո։ Միջազգային իրավունքների մասին կեղծավոր ճամարտակություններն արդեն այնքան էլ փքուն չեն, թեև լիովին չեն անհետացել։ Օբաման լսեց ԱՄՆ-ից ու նրա սահմաններից դուրս հնչող բազմաթիվ ձայները, որոնք տեղի ունեցածը բնութագրում են որպես վատագույն ճգնաժամ Արևելքի և Արևմուտքի միջև՝ Սառը պատերազմի ավարտից ի վեր, և որպես լրջագույն միջազգային փորձություն իր նախագահության համար։
 
Ուստի այժմ Օբաման զբաղվում է նրանով, ինչն ամենից լավ է կարողանում անել՝ խոսում է։ Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Օբաման առաջարկեց դիմակայության դիվանագիտական լուծման պլան։ Այն ներառում է ուղղակի բանակցություններ Կիևի և Մոսկվայի միջև, ռուսական զորքերի վերադարձ իրենց ռազմակայաններ և միջազգային դիտորդների ընդգրկում՝ ազգային բոլոր փոքրամասնությունների, այդ թվում ղրիմցի ռուսների իրավունքների ապահովման նպատակով։
 
Բայց թեթևացած շունչ քաշելու առիթ չկա։ Պուտինը չի շտապում հեռու մնալ կամ նահանջել։ Նա այժմ «ձիու վրա է»՝ այն բանից հետո, երբ երկու շաբաթվա ընթացքում կարողացավ բոլորին տեսանելի դարձնել արևմտյան քաղաքականության ու քաղաքական գործիչների երկերեսանիությունն ու կեղծությունը։ Նրա պահվածքը, հատկապես Ղրիմում, համենայդեպս՝ վտանգավոր է, վատ մտածված ու անպատասխանատու։ Դա շատ բանով Սառը պատերազմի չհատուցված մնացուկն է հանդիսանում։ Ինչպես ասել է մի նախկին բրիտանացի դիվանագետ, Պուտինը, հաստատ, այն տղաներից չէ, որին կարելի է հրավիրել ընկերական ճաշի։ Այս ճգնաժամը դեռ կարող է վատ ավարտվել ինչպես նրա, այնպես էլ մնացած բոլորի համար։ Սակայն ճգնաժամը հրահրված է։
 
Ռուսաստանի ղեկավարի «աչքը սրվել է» նախադեպերից։ Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ առկայծում են այսպես կոչված «սառեցված հակամարտությունները» և Վրաստանի, Մոլդովայի առանձին ժողովուրդների, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, հնարավոր է՝ նաև Բելառուսում, ինչպես նաև մերձբալթյան երկրներում հանուն իրավունքների մղվող պայքարը։ Պուտինը նշում է իր մտադրությունները, անգամ եթե իրեն հիմարի տեղ է դնում Օբամայի և Քերիի հետ խոսելիս։
 
Ինչ էլ որ մտածելու լինեն Վաշինգտոնում, ինչ էլ խոստանան ֆինանսական շուկաները, առայժմ ամեն բան խոսում է Պուտինի օգտին։ Ռուսաստանում վերջերս անցկացված հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ նրա պոպուլյարությունն աճում է։ Վաղ թե ուշ արևմտյան առաջնորդները դեն կնետեն կեղծ առաքինության դիմակը, կսովորեն չթերագնահատել նրան ու կսկսեն ընկալել Ռուսաստանի ցմահ ղեկավարին այնպես, ինչպես նա կա, այսինքն՝ խորամանկ, շատ վտանգավոր և միանգամայն անհասկանալի հակառակորդի հետ «շփվելու» միջոցների հարցում։
 
Սայմոն Թիսդալ
«Նորավանք» հիմնադրամ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play