ՀԱՄՈԶՈՒՄԻ ԵՒ ՇԱՆԹԱԺԻ ՄԻՋԵՒ


ՀԱՄՈԶՈՒՄԻ ԵՒ ՇԱՆԹԱԺԻ ՄԻՋԵՒ

  • 20-03-2014 18:16:29   | Լիբանան  |  Վերլուծություն

Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի եւ Մոսկվայի հետ համապատասխան պայմանագրի ստորագրմանն առընթեր թեժանում են Արցախի ուղղությամբ հայկական քաղաքական եւ լրատվական դաշտերում արձանագրվող քննարկումները: Եւ ոչ միայն հայկական: Ռուս ազգայնական գործիչ Ժիրինովսկու նշանավոր հայտարարությունը, թե քանի արցախաադրբեջանական հակամարտությունը չի հանգել որեւէ համաձայնության, կողմերի համար ընդունելի եւ ընկալելի կլինի Արցախի կցումը Ռուսաստանին, չի վերագրվում միայն Ժիրինովսկուն: Կան մեկից շատ ավելի մեկնաբանություններ, որոնք Ժիրինովսկուն նկատելով պաշտոնական Մոսկվայի խոսափողը, այս հրապարակումը նկատում են ՌԴ-ի ծրագիրը: Ժիրինովսկին, թեեւ լրացուցիչ հայտարարություն կատարել էր չընդունելով ադրբեջանական ազգի գոյությունը, այսուհանդերձ բացահայտել էր ռուսական քաղաքական շրջանակների մոտ տիրող որոշ մտայնություն:
Հետեւողների մոտ Ժիրինովսկու այս հայտարարությունը շատ արագ մտաբերել տվեց հասարակական գործիչ Զորի Բալայանի` Պուտինին գրած բաց նամակի բովանդակության առանցքային բաժինը, որտեղ հղում կատարելով Գյուլիստանի դաշնագրին, հայ գործիչը կոչ էր անում Ռուսաստանին տեր կանգնել Արցախին:
Բալայանի նամակի հրապարակման օրերին դեռեվս Մայդանը չէր բռնկել, ոչ էլ Ղրիմն էր ինքնորոշվել: Բալայանի առաջարկը գրեթե միանշանակ մերժումներով եւ  մեկնաբանություններով գերհագեցրել էր հայկական քննադաշտը: Արցախի հայապատկանության վիճարկումը կամ անկախություն-միացում հղացքից դուրս որեւէ պատկերացում բնականաբար արժանանում է  հայկական  ամենամերժողական հակազդեցությանը:
Զորի Բալայանի երկարաշունչ նամակին եւ Ժիրինովսկու  դիպուկ ու ամփոփ հայտարարություններին համահունչ մտածումներ հրապարակել է նաեւ 1992-1995 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շտաբի  պետ, 1993 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը: Տեր Գրիգորյանցը նաեւ վերջին շրջանում աշխույժ մասնակցություն էր բերում Արեւմտահայոց համագումարի համակարգող խմբի աշխատանքներին. վերջերս էր միայն, որ հրաժարվեց այդ աշխատանքներից:
Ղրիմի  ինքնորոշման փաստի դիմաց նկատելի է եւ հասկանալի անշուշտ Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումների տարբերությունը: Առաջինի զուսպ եւ ընդհանուր բնույթը եւ երկրորդի ավելի շեշտակի եւ երեւացող խանդավառությունը: Այդպես էլ պիտի լիներ։
Խնդիրը այս դեպքում այն է, որ նախատեսելի կարող է թվալ հայկական դաշտում Արցախի լուծման ա՛յս տարբերակի մոտեցումների երեւումը: Զինվորական նախկին պաշտոնատարներ լինեն, թե գործող քաղաքական դեմքեր. թվում է, թե Բալայանն ու Տեր Գրիգորյանցը իրենց հետեւողները պիտի ունենան այս առումով:
Այստեղ պետք չէ բացարձակացնել ռուսական ծրագիրը: Պայման չէ, որ նման ծրագիր գոյություն ունենա: Բայց որ իբրեւ քաղաքական շանտաժ այս հնարավորությունը պիտի օգտագործվի, դա քաղաքականորեն տրամաբանական է թվում:
Այս առումով էլ հայկական հասցեներից հնչող նման կոչերը, պահանջները կամ մտածումները կարելի է տարբաղադրել: Դրանցից  ոմանք ընկալել իբրեւ պատվեր, մյուսները իբրեւ համոզում (դժվար թե) կամ ինչու չէ իբրեւ քաղաքական մարտավարություն: Ի վերջո, Արեւմուտքը կարող է  քննել ինքնորոշված Արցախի անկախ կարգավիճակի առավելությունը Ռուսաստանի տարածքային ամբողջականության մաս կազմելուց: Սակայն շանտաժային մարտավարությունը չպիտի հատի կարմիրով գծված այն սահմանը, որից անդին առաջադրված կարգավիճակը կարող է դառնալ խնդրո առարկա: Արցախը ինքնորոշված տարածք է: Իսկ այդ ինքնորոշումը ոչ միայն Ադրբեջանի կազմից դուրս գալն է, այլ նաեւ որեւէ այլ տարածքի մեջ չմտնելն է, ինչ որ բանաձևվում է «անկախ հանրապետություն» կարգավիճակով։
 
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն