Ձմռան ցրտերի հետևանքով չեն տուժել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները


Ձմռան ցրտերի հետևանքով չեն տուժել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները

  • 24-03-2014 15:54:17   | Հայաստան  |  Տնտեսություն
Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվեց ջերմաստիճանի կտրուկ անկում և արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին  գրանցվեցին մինչև -20 -220 C, իսկ  բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը սովորաբար վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար:
Հնարավոր հետևանքները պարզելու նպատակով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) մասնագետների կողմից, սենյակային պայմաններում, ուսումնասիրվել են սեղանի և տեխնիկական տարբեր սորտերի չթաղված վազերից վերցված կտրոնները, որի արդյունքում պարզվել է, որ տեխնիկական սորտերի վազերը չեն տուժել, իսկ սեղանի առանձին սորտերի միամյա մատերի վրա նկատվում է կենտրոնական աչքերի որոշ վնասվածություն, որը ըստ մասնագետների եզրակացության՝ վազերի բերքատվության վրա էական  ազդեցություն չի ունենա: Ավելին, սովորաբար  այգեթաղի և այգեբացի ընթացքում վազի թևերի, ենթաթևերի ու բերքատու մատերի 20-30%-ը կոտրվում են ու վնասվում, պատճառ դառնում բերքի կորուստների, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Բացի այդ, խաղողի վազը ունի վերականգնվելու մեծ ներուժ և բավարար ագրոտեխնիկայի կիրառման, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի համալիր օգտագործման, բուժումների և ոռոգման աշխատանքների ժամանակին կազմակերպման դեպքում ոչ միայն հաջողվում է վերականգնել կորուստները, այլև բարձր բերք ապահովել:
Այնուամենայնիվ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի խրախուսում այգեթաղից հրաժարումը և հորդորում է հանրապետության այգեթաղ տարածաշրջանների խաղողագործներին՝ պարտադիր կատարել այգեթաղ, միաժամանակ զգուշացնելով, որ խիստ սառնամանիքների դեպքում կարող են ցրտահարվել անգամ վազերի թևերն ու բունը և գյուղացուն զրկել մի քանի տարի բերք ստանալու հնարավորությունից:
          Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ձմռան ցրտերի հետևանքով չեն տուժել պտղատու ծառատեսակները, չեն վնասվել նաև աշնանացան հացահատիկայն մշակաբույսերի ցանքերը և լավ նախադրյալներ կան բարձր բերքատվության ապահովման համար:
Արարատյան դաշտում մարտի 17-ից սկսել է ծիրանենիների ծաղկումը և մի քանի օրից կդիտվի համատարած ծաղկումը:
Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի  շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play