Հրատապ խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ


Հրատապ խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ

  • 27-03-2014 16:03:44   | Հայաստան  |  Տնտեսություն

            ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանի  մոտ տեղի է ունեցել  հրատապ խորհրդակցություն  հանրապետությունում սպասվող  կլիմայական  կտրուկ  փոփոխությունների վերաբերյալ։ 
Արարատյան  դաշտում և նրա նախալեռներում «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով  մարտի 31-ից  սպասվում  է ջերմաստիճանի անկում՝  գիշերը կդիտվի  օդում  մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին՝ 5 աստիճան ցուրտ։  Մեծ է  ցրտահարման վտանգը  հանրապետության ցածրադիր գոտում  ժամանակից շուտ ծաղկած ծիրանենիների և խաղողի  չթաղված վազերի համար։
            Բերքի հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով  նախարարը հանձնարարել է փոխնախարարներին, նախարարության համապատասխան ծառայությունների մասնագետներին ապահովել՝
Սպասվող վտանգի մասին SMS հաղորդագրությունների   ուղարկումը երեք կապուղիներով։
Համապատասխան  տեղեկատվության և խորհրդատվության օպերատիվ մատուցումը  վտանգի ենթակա տարածաշրջանների  բնակիչներին  զանգվածային լրատվության  բոլոր միջոցներով։
Հեռուստատեսային համապատասխան  տեղեկատվության տարածումը փոխնախարարների մակարդակով։
Կազմել մարտի 30-ից  փոխնախարարների և նախարարության մյուս պատասխանատուների  գլխավորությամբ  խորհրդատվական խմբերի  մարզային  և համայնքային  այցելությունների  գրաֆիկ և խստորեն  ապահովել  վերջինիս  կատարումը։ Այցելություններին ընդգրկել նաև  ԳԱՄԿ-երի և մարզպետարանների պատասխանատուներին։  Այցելությունների մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին։
ԳԱՄԿ-երի տնօրեններին հանձնարարվել է մարտի 28-ից եղանակային սպասվող  փոփոխությունների  և համապատասխան խորհրդատվության  համար օգտագործել  մարզային հեռուստատեսությունների և  ռադիոյի հնարավորությունները։
            Հանձնարարվել է  նախարարի տեղակալ  Գառնիկ  Պետրոսյանին մարտի 28-ին, ժամը՝ 12:00-ին  «Հայացք» մամուլի ակումբում   հանդես  գալ մամուլի  ասուլիսով  և հանգամանորեն ներկայացնել  իրավիճակն  ու հանձնարարվող խորհրդատվությունը։
            Մարտի 28-ին ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո  Կարապետյանը  Արարատի և Արմավիրի մարզպետարաններում կհանդիպի  այդ մարզերի  բոլոր համայնքապետերին, տեղում  կծանոթանա  սպասվող  վտանգը  դիմագրավելու հնարավորություններին,  կտա  համապատասխան  հանձնարարականներ ու խորհուրդներ։
            Նույն օրը նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը  Վայոց Ձորի և  Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի  մարզպետարաններում  կհանդիպեն տվյալ մարզերի համայնքապետերի հետ։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play