Արմավիրում փոխվարչապետը հանդիպել է ցրտահարությունից տուժած համայնքների ղեկավարների հետ


Արմավիրում փոխվարչապետը հանդիպել է ցրտահարությունից տուժած համայնքների ղեկավարների հետ

  • 02-04-2014 16:09:12   | Արմավիրի մարզ  |  Տնտեսություն

 
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,  Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների  եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ:
Համայնքների ղեկավարները ներկայացրեցին ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես ապրիլի 1-ին Արարատի մարզում կայացած հանդիպմանը,այստեղ եւս հիմնականում բարձրացվեցին պետության կողմից աջակցությանը, վարկային պարտավորությունների մեղմմանը, առավել մատչելի ոռոգման ջրով, անհրաժեշտ սերմացուով ապահովմանը վերաբերող հարցեր: Նշվեց, որ մարզի գյուղացիական տնտեսությունների մի մասն արդեն երկրորդ տարին է, ինչ զգալի վնասներ է կրում, եւ համայնքապետների կողմից առաջարկվեց այդ տնտեսությունների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:  
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ վնասի չափերը ճշգրտելու համար ներկայումս աշխատանքներ են իրականացվում տեղերում: Առաջիկայում տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն  կառավարություն: Նա խոստացավ, որ Արմավիրի մարզի դեպքում հաշվի կառնվի նաեւ համայնքապետների մատնանշած հանգամանքը:  Տեղեկացվեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նույնպես քննարկում է գյուղացիական տնտեսությունների համար առավել մատչելի ոռոգում ապահովելու հարցը, եւ դրա վերաբերյալ եւս առաջարկություններ կներկայացվեն: Բացի այդ, հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:
Վարկային պարտավորությունների խնդրին անդրադառնալով` Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, պայմանավորվածություն է  ձեռք բերվել, որ կձեւավորվեն աշխատանքային խմբեր` համայնքներում տնտեսությունների հետ  անհատական կարգով աշխատանքներ իրականացնելու եւ պարզելու անցած տարի  կարկտահարությունից տուժած տնտեսությունների համար կիրառված մեխանիզմների նպատակահարմարության հարցը ստեղծված իրավիճակում:   
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող` ցրտահարության հետեւանքների մեղմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի համայնքների ղեկավարներն առաջիկա օրերի ընթացքում հաշվարկեն սերմացուի պահանջարկը եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան: 
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը նույնպես Արմավիրի մարզի  մի շարք համայնքներում  հանդիպումներ կունենա գյուղացիական տնտեսությունների հետ` իրավիճակին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play