Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործում մարզերում


Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործում մարզերում

  • 04-04-2014 16:46:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նոր համատեղ ծրագիրը:
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում են նոր ծրագիր, որի մեկնարկը տրվել է Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքում: Բնության պահպանությանն ու էկո-կրթությանն ուղղված կողմերի համագործակցությունը շարունակվում է: 
 
Նախագծի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որը կիրականացվի Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերի չորս համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը:
 
«Ծրագիրը հնարավորություն է ընձեռում բարձրացնելու համայնքի բնակիչների կենսամակարդակը՝ խնայողաբար օգտագործելով բնության բարիքները և հոգատար վերաբերմունք ցուցաբերելով շրջակա միջավայրի հանդեպ: Կայուն զարգացման ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեսլականի հիմքում սեփական գյուղում երկարաժամկետ արդյունք խոստացող տարատեսակ հնարավորությունների ստեղծումը և պահպանումն են»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 70 միլիոն ՀՀ դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play