Շահան Գանտահարյան.Թիրախավորել զգայուն կետը


Շահան Գանտահարյան.Թիրախավորել զգայուն կետը

  • 10-04-2014 15:38:08   | Սիրիա  |  Վերլուծություն

Քեսաբահայության զորակցության եւ միաժամանակ կատարվածի մեջ Անկարայի դերակատարության բացահայտման եւ բողոքի քարոզչաքաղաքական գործողությունները ստացել են համահայկական թափ եւ տարողություն: 
Միջազգային հանրության եւ պաշտոնական կառույցների մոտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող հատկապես ռուսական քաղաքականությունը եւս սուր կերպով զգալի է: Մինչ ուշանում է սիրիական բանակի հակահարվածը` տեղի տալով այն մեկնաբանությանը, որ Քեսաբի գրավման եւ քեսաբահայության տարհանման (հաճախ օգտագործված տեղահանման) երեւույթը ռուսական կողմը դեռեւս պիտի օգտագործի իբրեւ Ղրիմի դիմաց հակակշիռ գործողություն:
Աննկատ չէ նաեւ այն տեսակետը, որ զինյալ խմբավորումների մեկտեղմանը եւ դեպի սիրիական տարածքներ ներքաշմանը պիտի հետեւի նրանց մաքրագործման մի մեծ գործողություն: 
Այս բոլորը քաղաքական մեկնաբանություններ են, որոնք կարող են չիրականանալ կամ որոնք քարոզչական պատերազմի պարունակում իբրեւ փորձի փուչիկներ կարձակվեն այս կամ այն վերլուծական կայքի հետեւում կանգնած քաղաքական ուժի կողմից: 
Անկարան այս բոլորի մեջ պիտի փորձի շրջել այն դիմագիծը, որը միջազգային հանրությունը ընկալում է իր նկատմամբ: Առավելագույն լուսարձակներ կբացվեն Թուրքիայի կողմից թուրքական տարածք տարված քեսաբցիների նկատմամբ գերհյուրընկալություն ցուցադրելով: 
Քեսաբը իբրեւ մարդկային աղետ ներկայացնելու ռուսական քաղաքականությունն ու թուրքական գերհյուրընկալության ցուցադրությունները թվում է, որ որոշ ժամանակի համար պիտի շարունակվեն:
Մինչ այդ, մենք հեռու չենք ապրիլյան ոգեկոչական ձեռնարկներից: Այստեղ քարոզչաքաղաքական նյութերի սահմանազատումը անհրաժեշտ է: Ցուցական գործողությունների ընթացքում հասկանալի է, որ զգացականությունը իր մեծ տեղն է գրավում: Ամբոխային տրամաբանությունը իր հաստատած օրինաչափությունները ունի եւ նման զեղումնային պոռթկումներ չակնկալելը իրատեսական չէ: 
Ժողովրդային դրսեւորումների եւ պաշտոնական հայտարարությունների միջեւ տարբերությունները զգալի են իհարկե: Երկրորդի դեպքում բովանդակային եւ մանավանդ քաղաքական նուրբ անկյունների հաշվարկ կատարող միտումները գերակշիռ են: Դրանք են, որ հետեւանքների հաշվարկն են անում եւ ըստ այնմ քաղաքական բառապաշար եւ ուղերձների փոխանցման եղանակներ ճշտում:
Հիմա պահն է թիրախավորված քարոզչական աշխատանքի ճշտման: Քեսաբի հարցը, որ ստացել է միջազգային հնչեղություն, որեւէ ձեւով պետք չէ զուգահեռել ցեղասպանության հետ: Սա ոչ միայն օգտակար չէ, այլեւ ընդհանուր ռազմավարական մոտեցմանը վնասակար: Հայ հրապարակագրության հետեւողները գիտեն, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերը նույնիսկ չեն բնութագրվում «ցեղասպանություն» բառեզրով. որոշ ժամանակ հետո էր, որ այդ դեպքերը բնութագրվեցին «եղեռնագործություն» բառակապակցությամբ: Բառերը, հասկացողություններն ու զուգահեռները ավելի քան կարեւոր են այս դեպքում:
Քեսաբի հարցի արծարծման մեջ հայկական կողմը քարոզչաքաղաքական գործողությունների կազմակերպման իր աշխատանքների ընթացքում հստակ թիրախներ ընտրելու հարկադրանքի առջեւ է: Հայտնապես այստեղ հայկական թեմայի վրա կենտրոնացումը այնքան արդյունքներ չի ապահովում: Աշխարհաքաղաքական այլ կենտրոնները շարունակում են հայկական թեման, բնօրրանից դուրս գտնվող հայ գաղթականության իրավիճակը  բարձրագոյւն տարողություններով օգտագործելու միտումներ դրսեւորել: Բացառված չէ, որ Թուրքիա տարված հայ գաղթականության փոքրաթիվ երեւույթը թուրքական մեծ լուսարձակներ խլի Անկարայի կողմից հայտարարված «հայրենադարձության» մարտավարական խաղերի պարունակում:
Հայտնապես, զգայուն կետը ոչ հայկական թեման է. Անկարայի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, զինման եւ տարանցիկ ճանապարհ հարթելու իրականությունը: Սրանով էլ բացատրվում է Թուրքիայի արտգործնախարարության բանբերի հայտարարությունը, թե ամոթալի զրպարտանք է եւ անհիմն մեղադրանք ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ասածը, թե Քայիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը Քեսաբի վրա հարձակումը կազմակերպելու համար:
Սա է զգայուն կետը, թիրախը, որը իբրեւ նշանակետ պետք է նկատի ունենա հայկական կողմը:
 
Շահան Գանտահարյան
«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն