Վարպետության դաս ռեժիսոր Ժիրայր Աղավելյանից


Վարպետության դաս ռեժիսոր Ժիրայր Աղավելյանից

  • 11-04-2014 13:26:01   | Հայաստան  |  Մշակույթ

Այսօր նա նորից Հայաստանում է ու իր ստեղծագործությունների միջոցով խոսում ու կիսվում է բոլորիս հետ:
Ապրիլի 8-ին Նարեկացի արվեստի միության սրահում, Նարեկացի Արվեստի Միության և Ծիրանի Մշակութային Հանգույց հասարակական կազմակերպության նախաձեռնւթյամբ, մեկնարկեց ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի նկարների անհատական ցուցահանդեսը /ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՈԼԱԺ, ՖՈՏՈԱՐԹ/, որը կշարունակվի գործել մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ:
 
Մեկնարկն սկսվեց նկարների  լուսապատկերների ցուցադրմամբ, որն ընթացավ բուռն քննարկումների եւ հեղինակի հետաքրքիր մեկնաբանություններով հագեցած  մթնոլորտում: Այն իր ձեւի մեջ վերածվեց մի հետաքրքիր  հանդիպման` արվեստասեր այցելուի և ստեղծագործ անհատի միջև, որը դեռ երկար կմնա մեր մտքերում և կհաստատվի որպես հոգևոր արժեք: Կարելի է ասել. վարպետության դասը հաջողված էր:
 
Տարիների ռեժիսորական կենսագրությամբ, հետո արդեն դրսում այլ գործունեութամբ զբաղված, հետաքրքիր արահետ է ընտրել հեղինակը՝ ռեժիսորական ներդրված մտածողության փոխակերպում: Անբիծ վերընթերցմամբ նա փորձում է ֆոտոն ներկայացնել ֆոտոգրաֆիական արվեստի անսովոր տեսքով ու գեղարվեստական մեկնաբանության իր յուրօրինակ լուծումներով` ռեժիսորական դիտանկյունից:
 
Հեղինակի խոսքով` լինելով նաեւ միջմշակութային հաղորդակացության միջոց, ֆոտոռեժիսուրան իր հարթության վրա հնարավորություն է տալիս փոխանցելու, տարածելու նոր մտածողություն, որպես նոր արտահայտչամիջոց:: 
-Ոչ միայն բանակցության և մեդիագրագիտության միջոցով, այլ այս ոլորտի շնորհիվ եւս կարելի է մտնել միջմշակութային երկխոսության մեջ:- ասում է հեղինակը- Հայոց մշակույթի հարուստ ժառանգության նմուշները հաճախ իրենց արտացոլումն են գտնում նաև ֆոտոներում, լուսապատկերներում: Որոշ մարդկանց համար այս եղանակն ավելի ընկալելի է, սակայն, ցավոք, այն քիչ են օգտագործում, չեն փորձում օգտվել այս հնարավորությունից: Կարծում եմ,  ֆոտոռեժիսուրայի միջոցով ևս կարող ենք փոխանցել հայ մշակույթի հազարամյա բարձրարժեք նմուշները: Ֆոտոռեժիսուրան, լինելով միջմշակութային հաղորդակցության միջոց և երկխոսության մասնակից, կնպաստի նաեւ մեր մշակութային մատածողության տարածմանը:
 
***
Ժ. Աղավելյանը ծնունդով Երեւանից է: 1991թ.-ից ապրում է ԱՄՆ-ում, Բոստոնում: Ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Կուլտուրայի ինստիտուտի Կինոյի բաժինը, երկար տարիներ եղել է Երեւանի կենտրոնական հեռուստաալիքի՝ Հ1, ռեժիսոր: Հեղինակ է տասնյակ  գեղարվեստա-վավերագրական աշխատանքների, այդ թվում միջազգային փառատոների մասնակից եւ հաղթող: Գրում է երաժշտություն, բանաստեղծություններ, հետաքրքիր մտքերն իրեն ուրույն խոհեմությամբ հանձնելով թղթին դարձել է երկու գրքույկի հեղինակ՝ բանաստեղծություններ եւ աֆորիզմներ: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play