Հեմոֆիլիայի միջազգային օրն է


Հեմոֆիլիայի միջազգային օրն է

  • 17-04-2014 11:34:44   | Հայաստան  |  Միջազգային

1989 թվականից Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը:
Այսօր բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղերով ապահովման և կյանքի որակի բարելավման խնդիրների լուսաբանմանը: 
Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ: 
Արյան մակարդման ժառանգական  հիվանդություններից  92- 95%  կազմում են հեմոֆիլիաները` A, B,  և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը: 
Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ:   
 Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով  հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումներն առաջացնում են հոդերի  քրոնիկական բորբոքում, հետագայում հանգեցնում հաշմանդամության:
 Ըստ էության, այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը բուժման ենթակա են: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները,  ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել   հաշմանդամությունը: 
Հեմոֆիլիայի  կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը` երեխա: 
2003թ. ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում Արյունաբանական  կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ` թե առողջապահության նախարարության, թե Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Այս տարիների ընթացքում բազում աշխատանքներ են կատարվել. Արյունաբանական կենտրոնում հիմնվել  է  հեմոֆիլիայի բաժանմունքը, մշակվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է  հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արտերկրում մասնագետներ են վերապատրաստվել` արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր  մեթոդներ, կիրառվում է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play