Մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի և վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի և վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման աշխատանքները

  • 22-04-2014 16:44:12   | Հայաստան  |  Տնտեսություն

 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Նշվել է նաև, որ նախապես գույքագրված 128 տարածքներից 87-ն արդեն իսկ մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել, որոշ դեպքերում նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների ռեսուրսների աջակցությամբ: Իսկ պարտավորությունները չկատարողների մասով էլ զեկուցվել է, որ կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա խսիտ հսկողության տակ և համապատասխան քայլեր ձեռնարկել այն սեփականատերերի և վարձակալների նկատմամբ, ովքեր խուսափում եմ կարգի բերել իրենց տիրապետման ներքո գտնվող տարածքները:
«Սեփականատեր, թե վարձակալ՝ պարտավոր է սեփական ուժերով կազմակերպել իրեն պատկանող տարածքի մաքրման և պատշաճ տեսքի բերման աշխատանքները: Եվ այդ տեսանկյունից ուղղակի անհասկանալի և անընդունելի է, թե ինչու պետք է սեփականատիրոջ կամ վարձակալի փոխարեն համայնքի համապատասխան կազմակերպություններն իրենց տեխնիկայով կազմակերպեն տվյալ տարածքներն աղբից մաքրելու աշխատանքները: Միայն խոսքերով չէ, որ պետք է սիրես ու գնահատես Երևանը, ինչպես անում են ոմանք, այլ գործով պետք է ապացուցես, որ Երևանը նաև քո՛ մեծ տունն է ու համապատասխան վերաբերմունքով ցույց տաս դա: Ըստ այդմ, մեր մոտեցումներն ու քայլերն էլ նման տնտեսվարողների նկատմամբ պետք է լինեն շատ խիստ և կոշտ: Դրա համար ձեռնարկեք օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր քայլերը և գործընթացը պահեք մշտական խիստ հսկողության տակ: Վարձակալների դեպքում էլ նախաձեռնեք պայմանագրերի վերանայման քայլեր և անհրաժեշտության դեպքում կասեցրե՛ք պայմանագրերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների և պուրակների, ինչպես նաև բակային տարածքների մաքրման և աղբահանության աշխատանքները: Նշելով, որ տարվող աշխատանքները դեռևս գոհացուցիչ չեն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին՝ անձամբ լինել տեղերում և վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը:
«Եթե թեկուզ մեկ քաղաքացու չի բավարարում կատարվող աշխատանքի արդյունքը, ապա անձամբ այցելեք մատնանշված տարածք և պարզեք, թե որն է խնդիրը: Ու եթե տեղում համոզվեք, որ մատնանշված թերացումն առկա է, ապա հանձնարարեք անհապաղ վերացնել այն: Բայցև դրանով էլ պետք չէ սահմանափակվել: Հենց հաջորդ օրը այցելեք նույն տարածքներ և պարզեք, թե ինչ է արվել ձեր հանձնարարականից հետո: Բացի այդ, փորձեք ավելի հաճախակի լինել ձեր վարչական շրջանների բոլոր տարածքներում ու տեղերում համոզվեք արդյոք բավարա՞ր է կատարվող աշխատանքը: Վստահ եմ, որ նման կերպ ձեր աշխատանքի արդյունքներն ավելի առարկայական ու շոշափելի կլինեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: 
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների, մասնավորապես շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերի լվացման նկատմամբ: Խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև շինհրապարակների սահմանազատող պարսպապատնեշների պաստառների թարմացման և փոխարինման ուղղությամբ:

Խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառված Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների խնդրին: 
«Դեռևս 2008 թվականի տարեսկզբին այդ շենքում բնակվող ընտանիքներին առաջարկվել են բնակարաններ: Սակայն բնակիչները հրաժարվել են նոր բնակարաններից՝ պատճառաբանելով, որ առաջարկվող բնակարանների կառուցվածքն իրենց չի բավարարում և այդ պատճառով այն ժամանակ վերաբնակեցման գործընթացը կասեցվել է: Բայց մենք նորից պատրաստ ենք քննարկելու տվյալ շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը, հատկապես, որ այս տարի մեր կողմից արդեն նախաձեռնվել է 4 բազմաբնակարան շենքերի կառուցում՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների տեղափոխման և նոր բնակարաններով ապահովման նպատակով: Այդ շենքերը շահագործման կհանձնենք 2015 թվականին և դրանով կլուծենք շուրջ 500 ընտանիքի բնակարանային հարց»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է պատասխանատուներին համապատասխան հանձնաժողովի աշխատանքների շրջանակում կազմակերպել նաև Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 վթարային շենքի բնակիչների հետ հանդիպում և քննարկել հարցը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ Մ. Խորենացու փողոցում մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն էլ պարբերաբար կազմակերպում է ստուգայցեր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունն ու զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից իրականացվող գնման գործընթացի կազմակերպման համապատասխանությունը գնումների մասին օրենքին և կնքված պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ սահմանված հսկողության մասով՝ գնումների վարչության պետը զեկուցել է, որ 2014 թվականի առաջին եռամսյակում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրվել և հրապարակվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 429 կազմակերպությունների գնումների ծրագրերը, որոնց շրջանակում մրցակցային եղանակով կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսվել է ավելի քան 1 մլրդ դրամ: 
Զեկուցվել է, որ մայիսի 1-ին կենդանաբանական այգու հանդիսավոր բացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ձեռնարկվել և ավարտին են մոտենում նախապատրաստական, այդ թվում այգու տարածքի բարեկարգման աշխատանքները:
«Մեր համաքաղաքացիները կենդանաբանական այգի այցելելիս հենց մուտքից պետք է զգան այն փոփոխությունները, որոնք կատարվել են տեղում զբոսանքի և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի կապակցությամբ մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակադակով կազմակերպելու և անցկացնելու համար:

 

 

Լուսանկարներ
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play