ՀՀ ԳԱԱ-ն 2013թ. աշխատել է 75 միջազգային գիտական ծրագրով


ՀՀ ԳԱԱ-ն 2013թ. աշխատել է 75 միջազգային գիտական ծրագրով

  • 23-04-2014 13:47:46   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ


Սույն թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ Ազգային ժողովի, կառավարության ներկայացուցիչները, ԲՈՒՀ-երի ղեկավարները, գիտական հանրությունը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած ԳԱԱ ակադեմիկոսներ Վլադիմիր Սարգսյանի, Համլետ Վարդապետյանի, Սուրեն Ավդալբեկյանի, Կոնստան­տին Ղարագյոզյանի, Մայա Ինճիկյանի  և թղթակից անդամ­ներ Բաբկեն Հարությունյանի, Ալեքսանդր Բագդոևի հիշատակը:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց Ակադեմիայի 2013թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները:
2013 թվականին համակարգի գիտական ստորաբաժանումներում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը: Դրա վկայությունն են արտերկրում տպագրված աշխատանքները` արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում հրատարակված 773 հոդված, 19 մենագրություն, ինչպես նաև միջազգային 75 ծրագրով կատարված աշխատանքներ:
Ռադիկ Մարտիրոսյանը կարեւորեց միջազգային գիտական համագործությունը: Ներկայումս ՀՀ ԳԱԱ ինստիտուտները համագործակցում են արտերկրի                    գի­տնականների, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների ակադեմիաների հետ:
Հաշվետու տարում ավարտվել է  գիտական համագործակցության 4 ծրագիր Ֆրանսիայի CNRS-ի և ԳԱԱ  ֆիզիկական հետազոտությունների, երկրաբանական գիտությունների,  հնագիտության և ազգագրության ինստիտուտների միջև:
2013 թ. Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը շարունակել է          եռա­կողմ պայմանագրի (ՌՖԷԻ,  Երևանի պետհամալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլ­տետ և ամերիկյան «Ինտեգրա» կազմակերպություն) հիման վրա ստեղծված համատեղ լաբորատորիայի աշխա­տանք­ները:
Արևելագիտության ինստիտուտը գիտական համագործակցության համաձայնագրեր ունի չինական երկու կարևոր գիտական կենտրոնների` Չինաստանի արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի և Չինաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ: Եղել են փոխադարձ այցելություններ, շեշտվել է գիտական համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
2013թ. շարունակվել են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ստեղծված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի աշխատանքները:
2013թ. ընթացքում արտասահմանյան երկրներ են գործուղվել ԳԱԱ 547          գիտ­աշխա­տող, այդ թվում` գիտական միջոցառումների մասնակցել է 284, համատեղ աշխատանքներ է կա­տա­րել 164, բանակցություններ է վարել 99 գիտաշխատող: Արտասահմանից ժամանել է 895 գիտնական, այդ թվում` գիտական միջոցառումների մասնակցելու համար 440, համատեղ աշխատանքներ կատարելու համար 213, բանակցություններ վարելու համար 242 գիտաշխատող:
Տարվա ընթացքում էլեկտրոնային ցանցով տրամադրվել է մոտ 100 տեղեկատվություն եվրոպական և այլ միջազգային դրամաշնորհային ծրագրերի, հայտարարված մրցույթների մասին:
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս և 58 թղթա­կից անդամ: ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատում է 4077 մարդ, որոնցից 2515-ը գիտական աշխատող:
Ռադիկ Մարտիրոսյանը նաեւ անդրադարձել է սոցիալական հարցերին: «Սոցիալական դժվար լուծելի խնդիրներից է բնակարանային պրոբլեմը, որն  առավել խոցելի է հատկապես երիտասարդների դեպքում: Հանրապետության Նախագահի աջակցությամբ կառուցվող 200 բնակարանանոց շենքի շինարարությունը պետք է ավարտվի այս տարվա վերջին»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ռադիկ Մարտիրոսյանը նշել է նաեւ, որ ՀՀ ԳԱԱ 70-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները անկացվել են բարձր մակարդակով: «ԳԱԱ 70-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում համակարգի գիտական կազմակերպություններն անց են կացրել մոտ 55 տարաբնույթ գիտական կոնֆերանսներ, համագումարներ և այլ միջոցառումներ, որոնց մասնակցել է 25 երկրի ավելի քան 400 գիտնական, այդ թվում` համաշխարհային ճանաչում ունեցող  գիտնականներ, որոնց հետ հաստատվել են նոր գիտական ուղղություններով համագործակցության նոր կապեր»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:
 
  
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ