Արարատյան դաշտի բերրի հողը վտանգված է և եթե իսկապես ընդառաջ քայլ չանենք, կկորցնենք տարվա բերքը.ՋՕԸ-ներ


Արարատյան դաշտի բերրի հողը վտանգված է և եթե իսկապես ընդառաջ քայլ չանենք, կկորցնենք տարվա բերքը.ՋՕԸ-ներ

  • 25-04-2014 17:05:12   | Հայաստան  |  Տնտեսություն
Այս օրերին Սևանա լճից հավելյալ ջրառի թեման շարունակում է ակտիվ շրջանառվել հասարակական-բնապահպանական, քաղաքական ու գիտական շրջանակներում՝ ուղեկցվելով տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց մեջ գերակշռող են Սևանի մակարդակի պահպանման մտահոգությամբ պայմանավորված, սակայն հաճախ նաև սխալ մեկնաբանությունները: Հերթականը հնչել է ապրիլի քսաներեքին՝ երկրի գիտական բարձրագույն ամբիոնից. խոսքը ԳԱԱ տարեկան ժողովում   ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի հայտարարության մասին է: 
 
Գիտնականը մասնավորապես կոչ է արել Ակադեմիային՝ արգելել Սևանից ջրի բացթողումը, ընդգծելով, որ լիճը ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական կարևորութուն ունի: Չենք կարծում, թե մեր իրականության մեջ կարող է լինել մեկը, որ թերագնահատի Սևանի նշանակությունը մեր երկրի համար, իսկ  հավելյալ ջրառի պարտադրված քայլն ամենևին չի նշանակում, թե Սևանի շահը ստորադասվում է. որոշումը կայացվել է  լրջագույն հիմնավորումներով ու լճի անվտանգության երաշխիքներով: 
Մենք,  Արարատյան դաշտավայրի ջրօգտագործողների ընկերություններս, անցած ամիսներին շատ ենք լսել «կույր» քննադատություններ՝ ընդդեմ հավելյալ ջրառի, սակայն մեզ առավել վրդովեցրել է ակադեմիկոսի, անվանի գիտնականի խոսքը, անտեղյակությունն իրականությունից ու խնդրի լրջությունից: Ջրբաշյանն անխնա մեղադրում է խորհրդարանականներին՝ «ինչպիսի հեշտությամբ դուք ձեր՝ անկարողություն ասեմ, անընդունակություն ասեմ, շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը». հուզական այս ելույթին ու կտրուկ որակումներին  հակադարձում է երկրի Նախագահը՝ իրավիճակի կարգավորման սթափ գնահատականով ու հավասարակշռված մոտեցմամբ՝ հարգարժան գիտնականին հիշեցնելով, որ  «ԱԺ-ն ժամանակին Սևանի մասին օրենք է ընդունել, որը սահմանում է, թե տարեկան ինչքան է նախատեսվում բարձրացնել լճի մակարդակը: Իսկ հիմնավորումների հեղինակը Գիտությունների ազգային ակադեմիան է»:
  Նախագահ Սերժ Սարգսյանը հավելել է նաև, որ Սևանա լճի մակարդակն անցած տարիներին  նախատեսվածից ավելին է բարձրացել և այսօր Արարատյան դաշտում ստեղծված իրավիճակից ելնելով, կարող ենք մեզ հավելյալ ջրառ թույլ տալ՝ առանց վնասելու լճին: 
Տեղյակ ենք, որ Սևանից լրացուցիչ ջրառի  որոշումը կայացվել է  մասնագիտական համակողմանի ուսումնասիրություների, բազմակողմ քննարկումների հիմքով և առավելագույն չափի սահմանումն էլ դեռևս չի նշանակում, թե ամբողջ ծավալն անվերապահ  կօգտագործվի. մենք հող ու ջրի մարդ ենք, գիտենք, որ դա կախված է տարվա բնակլիմայական պայմաններից: Եվ հարգարժան ակադեմիկոսին հրավիրում ենք Արարատյան դաշտավայր, հատկապես ջրասակավության գոտում հայտնված գյուղեր՝ եկեք, տեսեք, թե մեր դաշտավայրն ինչ վտանգի առաջ է կանգնած և ոռոգման ջրի դեֆիցիտի չկարգավորումն ինչ հետևանքներ կարող է ունենալ ամբողջ երկրի համար: 
Նաև մեր անունից օրեր առաջ հայտարարություն էր տարածել ՋՕԸ աջակցող թիմը` հանգամանալից ներկայացնելով Արարատյան դաշտավայրի իրավիճակը, կատարվող աշխատանքներն ու ոռոգման ջրի դեֆիցիտի առաջ կանգնած երեսուներեք գյուղերի ցանկը: Ցանկության դեպքում, հարգելի պարոն Ջրբաշյան,  այդ պարզաբանումը կարող եք գտնել էլեկտրոնային լրատվամիջոցներում: 
Առնվազն տարակուսելի է գիտնականի հայտարարությունը նման բարձր ամբիոնից, թե մենք ավելացնում ենք Սևանի հոսքը, «որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջևան: Ջուրը պահել չենք կարողանում: Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, զրկում ենք մեր գյուղացուն ջրից՝ ջուրն ուղարկում ենք Ադրբեջան»:
Երբ նման հայտարարություններ են անում սկսնակ ու հավակնոտ քաղաքական գործիչները, հասկանում ենք, որ գործ ունենք տարրական պոպուլիզմի հետ, իսկ հարգարժան գիտնականի հարուստ կենսափորձն ու անցած ճանապարհը, կարծում ենք, չպետք է տեղիք տան միայն էմոցիաների վրա կառուցված եզրահանգումների, որոնք ավելի շատ դատավճիռ են հիշեցնում:
Ի պատիվ մեր երկրի Նախագահի, ասենք, որ Սերժ Սարգսյանը արժանապատիվ է պատասխանել նաև այդ անհիմն հայտարարությանը. «Ես խնդրում եմ՝ Սևանի մասին մասնագիտական խոսք ասեք, ոչ թե հուզական,  Սևանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում»:
Կրկին մեր մտահոգությունն ենք բարձրաձայնում՝ Արարատյան դաշտավայրում ոռոգման շրջանի մեկնարկից արդեն իսկ  զգացվող ջրի սակավության խնդրով և հորդորում գոնե գիտական շրջանակներին չտրվել միակողմանի զգացմունքային մոտեցումների, այլ՝ հանդես գալ առողջ բանականության դիրքերից, ավելին, համախմբել ուժերը, գիտական մտքի կարողությունները և աջակցել մեզ՝ լավագույն լուծումների գալու ակնկալիքով:
Եվս մեկ անգամ վստահեցնում ենք. Սևանի ճակատագրի հանդեպ անտարբեր, առավել ևս չարակամ չի կարող լինել որևէ հայ մարդ, և չլինելով բնապահպան կամ գիտնական, մեզնից յուրաքանչյուրը թանկ է գնահատում մեր երկրի ամեն կաթիլ ջուրն ու ամեն պտղունց հողը: Այսօր Արարատյան դաշտի բերրի հողը վտանգված է և եթե իսկապես ընդառաջ քայլ չանենք, կկորցնենք տարվա բերքը:
Սթափ լինենք, սրտացավ ու միասնական: 
 
Արարատյան դաշտի ջրօգտագործողների անունից՝ մի շարք ՋՕԸ-ներ
«Վաղարշապատ» ՋՕԸ
«Խոյ» ՋՕԸ
«Սևջուր-Ախթամար» ՋՕԸ
«Մասիս» ՋՕԸ
«Մուսալեռ» ՋՕԸ
«Աշտարակ» ՋՕԸ
«Փարպի» ՋՕԸ
«Շամիրամ» ՋՕԸ
«Եղվարդ» ՋՕԸ
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play