Մայրաքաղաքում հողատարածքների մաքրման աշխատանքները կատարվում են ոչ լիարժեք


Մայրաքաղաքում հողատարածքների մաքրման աշխատանքները կատարվում են ոչ լիարժեք

  • 12-05-2014 16:09:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են
Սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների ու կառուցապատողների կողմից պարտադիր մաքրելու և բարեկարգելու աշխատանքներին անդրադառնալով՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հաշվառված տարածքների մեծ մասն արդեն իսկ մաքրվել են: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև անբարեխիղճ որոշ սեփականատերերի հայտնաբերման ու նրանց տնօրինման տակ գտնվող տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: 
«Այս ուղղությամբ տարվող աշխատանքները ևս պետք է լինեն մշտական խիստ հսկողության տակ: Մաքրության ապահովումն ու պահպանումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք, այլ ոչ թե մեկանգամյա ինչ-որ գործողություն: Պետք չէ մոռանալ, որ այդ ամենը չի վրիպում ոչ մեր և ոչ էլ, առավել ևս, մեր համաքաղաքացիների աչքից: Ուստի այս հարցում եղեք ավելի կոշտ և հետևողական, փորձենք սեղմ ժամկետներում հայտնաբերել այն սեփականատերերին, որոնք խուսափում են պարտավորությունների կատարումից: Շատ դեպքերում երևանցիները կարող են նաև տեղեկացված չլինել, որ աղբանոցի վերածված այս կամ այն տարածքը ինչ-որ մեկի սեփականությունն է և արդարացիորեն դժգոհեն քաղաքային իշխանություններից: Ըստ այդմ, առաջնորդվեք բացառապես այն գիտակցումով, որ որևէ մեկը իրավունք չունի աղբանոցի վերածել մայրաքաղաքն ու մնալ անպատիժ: Գործեք օրենքի ողջ խստությամբ, ինչի իրավունքը ձեզ տրված է»,- հանձնարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման հետ կապված էլ զեկուցվել է, որ, չնայած տնտեսվարողները բազմիցս ծանուցվել են աշխատանքների իրականացման մասին, այնուամենայնիվ, դրանք կատարվում են մասամբ և ոչ լիարժեք: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել գործընթացի նկատմամբ հսկողությունն ու ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան քայլեր: 
«Տարվող աշխատանքների արդյունքները չեն գոհացնում: Ծանուցումներից հետո հաջորդ քայլը պետք է լինի ավելի կոշտ և գործնական ու ենթադրի պատասխանատվություն: Աշխատելով օրենքի տառով՝  ձեռնարկեք համապատասխան միջոցներ և ապահովեք տեսանելի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play