Վարչապետն հանդիպել է ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ


Վարչապետն հանդիպել է ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ

  • 14-05-2014 15:56:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
Մայիսի 14-ին աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության վարչության անդամները և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: 
Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվեցին միության գործունեությունը, ՏՀՏ ոլորտի հիմնախնդիրներն ու հեռանկարային ծրագրերը: Երկուստեք կարևորվեց կրթության և աշխատուժի զարգացման ոլորտում պետություն-մասնավոր հատվածի համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնց թվում շեշտադրվեց «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» կրթական ծրագրի լայնածավալ իրականացումը: 
Թե′ վարչապետի և թե′ նախարարի կողմից կարևորվեց ՏՀՏ լուծումների կիրառումը բիզնեսի այլ ոլորտներում, ինչպես նաև դրա հետևանքով տնտեսությունում արտադրողականության բարձրացումը: Հատկապես շեշտադրվեց հունիսի 20-21-ը կայանալիք 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և նվիրված է նոր տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսի տարբեր ոլորտներում: ԻՏՁՄ կողմից առաջարկվեց ֆորումի ոլորտային քննարկումներին ապահովել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությունը: Ֆորումի քննարկումները նվիրված կլինեն գյուղատնտեսության, շինարարության, հանքարդյունաբերության, առողջապահության, կրթության, էլեկտրոնային առևտուրի  և տրանսպորտի,   ֆինանսաբանկային ոլորտներում նորարարությունների կիրառմանը: 
Հանդիման ընթացքում Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ: 
Հանդիպման ժամանակ կարևորվեց նաև ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը միջազգային կարևորագույն տեխնոլոգիական միջոցառումներին և Հայաստանի պատշաճ ներկայացումն այնտեղ: 
Կողմերը պայմանավորվեցին, որ առաջիկայում միությունը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով:
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մասին
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:
Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Բիզնես Ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը և Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման Ծրագրիը /ԱրմՌոբոտիքս/: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play