Հարութ Սասունյան.Հայոց ցեղասպանության մասին Օբաման բազմաթիվ վկայակոչումներ լսեց Շոայի միջոցառման ժամանակ


Հարութ Սասունյան.Հայոց ցեղասպանության մասին Օբաման բազմաթիվ վկայակոչումներ լսեց Շոայի միջոցառման ժամանակ

  • 16-05-2014 18:49:44   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Այս տարվա մայիսի 7-ին, Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում ես մասնակցել եմ մի շատ տպավորիչ բարեգործական միջոցառման` նվիրված Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի 20-ամյակին, որը հավաքագրում է՝ Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները և 1937 թվականի Նանկինի կոտորածը վերապրածների ու ականատեսների վկայությունները:
 
Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նկարահանումներից հետո ստեղծեց Շոայի հիմնադրամը` Հոլոքոստը վերապրածների և այլ ականատեսների անձնական տվյալների հավաքագրման և պահպանման նպատակով: 2006 թվականին Շոայի հիմնադրամը մաս կազմեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և այժմ այնտեղ պահվում են 52 հազար տեսագրված վկայություններ` 58 երկրներ ներկայացնող 34 լեզուներով: Այն իր տեսակի մեջ ամենամեծ արխիվն է ամբողջ աշխարհում:
 
Միջոցառմանը մասնակցում էր նախագահ Օբաման, ով արժանացավ «Մարդկության դեսպան» բարձր պարգևին: Մասնակիցների թվում էին նաև Սամուել Ջեկսոնը, Օկտավիա Սփենսերը, Բարբարա Սթրեյզանդը, Լիամ Նիսոնը և Բրյուս Սփրինգսթինը, վերջինս կատարեց իր` «Ավետյաց երկիր» և «Պար մթության մեջ» երկու հուզիչ երգերը:
 
2010 թվականին Հայկական ֆիլմերի հիմնադրամը և Ջ. Մայքլ Հակոբյանը ստորագրեցին պատմական համաձայնագիր Շոայի հիմնադրամի հետ` Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների տեսահարցազրույցների թվայնացման, պահպանման և տարածման համար: Անցյալ ամիս հայկական վկայությունների 400 թվայնացված պատճեններ հանձնվեցին Շոայի հիմնադրամի Վիրտուալ պատմության և կրթության ինստիտուտին: 2015 թ. Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ, հայկական վկայությունները` թարգմանությունից, ենթագրերի տեղադրումից և ինդեքսավորումից հետո, Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ականատեսների տվյալների հետ միասին, մատչելի կդառնան 30 երկրների 50 հաստատություններում (այդ թվում` ԱՄՆ Հոլոքոստի թանգարանում):
 
Մոտ 100 ամերիկահայեր մասնակցեցին մայիսի 7-ի միջոցառմանը` Շոայում հայկական հավաքածուի համար հավաքելով ավելի քան 100 հազար դոլար: Երեկոյի ընթացքում բազմաթիվ հիշատակումներ եղան Հայոց ցեղասպանության մասին: Սփիլբերգն առաջինն էր, որ հայտարարեց Շոայի արխիվներում Հայոց ցեղասպանության վկայությունները ընդգրկելու ծրագրի մասին: Մասնակիցների ուշադրությանը ներկայացված տեսաֆիլմում ցուցադրվեցին Ջ. Մայքլ Հակոբյանի, ցեղասպանությունը վերապրած Փոլ Անտոնյանի և հայ բռնագաղթվածների մի շարք լուսանկարներ: Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթիվեն Սմիթը ևս խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով Եվնիգե Սալիբյանին` Ցեղասպանությունը վերապրած 104-ամյա կնոջն Այնթապից: Երեկոյին հյուրընկալած կատակերգու Քոնան Օ'Բրայանն ամբիոնից տիկին Սալիբյանին ներկայացնելուց հետո միջոցառման ավարտին մոտեցավ նրա սեղանին և լուսանկարվեց նրա հետ:
 
Սալիբյանը որպես պատվավոր հյուր նստած էր հայտնի հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի կողքին: Հաջորդ օրը Քարդաշյանը սոցիալական ցանցում տեղադրեց Սալիբյանի հետ իր լուսանկարը` հետևյալ գրությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Շոայի հիմնադրամի երեկոյին` Հայոց ցեղասպանության վկայությունների աջակցման համար: Ես նստած եմ Հայոց ցեղասպանությունը վերապրած 100-ամյա ամենաոգեշնչող կնոջ կողքին»: Մի քանի օրվա ընթացքում նրա տեղադրած նյութը ստացավ 400 հազար «լայքեր», գրեթե 5 հազար մեկնաբանություններ Instagram-ում և 110 հազար «լայքեր» նրա ֆեյսբուքյան էջում:
 
Չնայած երեկոյի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբիոնից հնչած բազմաթիվ հիշատակումներին` նախագահ Օբաման իր 18 րոպեանոց ելույթում որևէ ուղղակի հղում չարեց հայերի կամ Հայոց ցեղասպանության մասին. ոչ էլ ակնկալվում էր, որ կանի: Սակայն Օբաման անուղղակիորեն վկայակոչեց Հոլոքոստից  զատ այլ ցեղասպանությունները` առանց դրանք նշելու. 
 
- «Ես ուզում եմ առանձնահատուկ խոսք ուղղել այս երեկո մեր կողքին գտնվող վերապրածներին` ոչ միայն Հոլոքոստի, այլև ինչպես Սթիվենը [Սփիլբերգ] նշեց` մյուս աներևակայելի ոճրագործությունները վերապրածներին»:
- «Եթե Շոան վերապրածների հիշողությունները մեզ մի բան են սովորեցնում, ապա այն է, որ լռությունը չարիքի ամենամեծ համադավադիրն է: Եվ մեզանից, յուրաքանչյուրիցս է կախված Հոլոքոստի ցանկացած հերքման խստագույն դատապարտումը»:
- «Դուք [Սփիլբերգ]… վավերագրել եք ոչ միայն Հոլոքոստի փորձը, այլև դրանից առաջ և հետո տեղի ունեցած վայրագությունները…. Ձեզ և Շոայի հիմնադրամի բոլոր մարդկանց, և այն ամենի համար, ինչ դուք արել եք`լուսավորելով վկայությունների հավերժական կրակը, որը հնարավոր չէ մարել և մերժել, հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»:
Հայերը կարիք չունեն ճնշելու Օբամային, որպեսզի նա բացահայտորեն վկայակոչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ մեկ այլ նախագահ` Ռոնալդ Ռեյգանը, 1981 թվականի ապրիլի 22-ին իր նախագահական հռչակագրով արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անհրաժեշտ չէ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահից համառորեն պահանջել ամեն տարի նույն բանը ճանաչել: Նախագահ Օբաման պետք է Հայոց ցեղասպանություն եզրը օգտագործի ոչ թե հայ ժողովրդի սիրույն համար, այլ իր սեփական պատիվը փրկելու` կատարելով այն լուրջ խոստումը, որ տվել էր որպես նախագահի թեկնածու: Միայն դրանից հետո նա կարող է իսկապես արժանի լինել «Մարդկության դեսպանի» բարձր կոչմանը:
 
Հարութ Սասունյան        
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play