Ապագան ընթերցող երեխայինն է.Արմեն Աշոտյան


Ապագան ընթերցող երեխայինն է.Արմեն Աշոտյան

  • 26-05-2014 18:20:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով «Ընթերցման» օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: Նախարարը նշել է, որ օլիմպիադան հիրավի վերածվել է շարժման, որը միավորում է հասարակական և պետական մարմիններին` հանուն մեկ ընդհանուր նպատակի:

«Առանց անձի զարգացման` չկա պետության զարգացում, իսկ անձի զարգացումն առանց ընթերցանության, առանց գիտելիքների պաշարը հարստացնելու,  գոյություն չունի: Ուստի,  ընթերցասիրությամբ զարգանում ենք անձամբ և նպաստում մեր պետության և հասարակության զարգացմանը: Առանց գիտելիք, վստահեցնում եմ ձեզ, չեք լինի բարեկեցիկ, հարգված և հաջողակ: Գիտելիքը Հայաստանում այլընտրանք չի ունենալու` որպես բարեկեցության, սոցիալական ճանաչման  և առաջխաղացման բացառիկ գործիք: Գիրքն այն զուգընկերն է, որի հետ յուրաքանչյուր հանդիպում կյանքում դառնում է ամենագողտրիկ, թանկ և ամենագաղտնի հանդիպումներից մեկը: Միշտ զրուցեք ձեր գրքերի հետ, որովհետև այդ զրույցը թեպետ կայանում է ձեր երկուսի միջև, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այն կյանքում շատ պիտանի է լինելու»,-նշել է Ա. Աշոտյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ընդգծել է, որ օլիմպիադան դարձել է ազգային համերաշխության հարթակ` պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցության: «Սա իրապես հրաշալի է. բոլորը միավորվել են ընթերցանության շուրջ` հանուն երեխաների ապագայի: Խորհրդանշական է, որ օլիմպիադան մեկնարկեց Գրատպության 500-ամյակի տարում և ամրագրվեց որպես լավագույն ավանդույթ: Եվ շատ գովելի է, որ երեխաներն իրենց կարողություններով վաստակում են լավագույն մրցանակները` իրենց ընտանիքների և դպրոցների համար: Գիտելիքը հաղթող է մեր իրականության մեջ. դա է ապացուցում այս օլիմպիադան»-նշել է Հ. Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով «Անտարես» հրատարակչությանը` օլիմպիադայի կազմակերպման և անցկացման համար:
Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ հանձնաժողովի  կողմից ընտրվել են հաղթողները: «Ընթերցման» օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների` սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և «Անտարես» հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել են ևս հինգ նախարարություն, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play