Կարինե Հայրապետյան. Սիրիահայության Ակունքներն ու Արմատները


Կարինե Հայրապետյան. Սիրիահայության Ակունքներն ու Արմատները

  • 04-06-2014 10:56:23   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայկական Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արեւելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արեւելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սեւ) լեռներով: Կիլիկիան բաժանվում է՝ Լեռնային եւ Դաշտային մասերի, Քարքարոտ բլուրներ ունեցող արեւմտյան մասը կոչվում է Քարուտ:Կիլիկիան հնագույն աղբյուրներում կոչվել է Կիցցուվատանա, կապված է եղել Հայկական էթնոսի հետ եւ տարածաշրջանի համար հանդես էր գալիս որպես հավատամքի եւ աստվածապաշտական գլխավոր կենտրոն: Հոմերոսի դյուցազներգության մեջ Հայոց արքա (Հ)սկայ Զարմայրն էր ներկայացնում Ասերի Երկրի ժառանգական արեւապաշտական գաղափարախոսությունը կապված «լույս դռան», «Սկայի դուռ» արտահայտության հետ: (Հ)սկայ Զարմայրն էր պաշտպանում «Սկայի դուռ» գլխավոր հավատամքի դարպասը, Կիլիկիայի դարպասը:
 
Հոմերոսյան ժամանակներից սկսված Կիլիկիան Հայաստանումթագավորել են Հայոց արքաներ: XI դ. վերջին Փոքր Հայքի եւ Ծոփքի տարածքում հիմնադրվեց Կիլիկյան Հայկական պետությունը (1080-1375 թթ): Հայոց էթնոսը իր ինքնիշխանությունը Կիլիկիայում վերականգնել է Բագրատունիների շառավիղ հանդիսացող Ռուբինյանների կողմից, ովքեր հիմք դրեցին Ռուբինյան իշխանությանը (1080-1198թթ.):
1198 թ-ին Լեւոն Բ Մեծագործի թագադրմամբ Հայաստանի մաս կազմող Կիլիկյան վերածեց Կիլիկիայի Հայկական Թագավորության, որի բնակչության մեծ մասը հայեր էին: 1226 թ-ին Կիլիկիայի Հայկական Թագավորության գահն անցավ Ռուբինյաններից Հեթումյաններին: Կիլիկիայի Հայկական Թագավորությունը իր գոյության ողջ ընթացքում եղել է պատերազմների մեջ մշտապես ունեցել է բանակ, բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի: Թագավորության մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան եւ ի վերջո Սիսը, կաթողիկոսի նստավայրը հաստատվեց Հռոմկլա քաղաքում:
 
Կիլիկիայի Հայկական Թագավորության հիմնադրման սկիզբը համընկավ առաջին խաչակրաց արշավանքի հետ: Խաչակիրների ուղին անցնում էր Կիլիկիայով, հայերը արեւմտյան քրիստոնյաներին ընդունում էին որպես հավատակից: Կիլիկիայի Հայկական Թագավորության եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների միջեւ, նաեւ Խաչակրաց արշավանքների հետ կապված, հաստատվեցին ռազմական եւ տնտեսական կապեր: Կիլիկիայի Հայկական Թագավորությունն ուներ հզոր տնտեսություն, այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկն էր՝ Այասը:
 
Կիլիկիայի Հայկական վերջին Թագավորության պատմությունը կարելի է բաժանել երկու շրջանի.
ա) 1080 - 1198 թվականներ՝ Կիլիկիայի հայկական թագավորության կազմավորման եւ ամրապնդման ժամանակաշրջան
բ) 1198-1375 թվականները՝ նրա բարգավաճման եւ այնուհետեւ անկման շրջանը, երբ գոյություն ուներ որպես կախյալ թագավորություն։
XVI դարի սկզբին Կիլիկիան զավթել են թուրքերը: Համաձայն Օսմանյան կայսրության վարչատարածքային բաժանման` Կիլիկիան կազմել է Ադանայի նահանգը, 1880-ից Մարաշը ներառվել է Հալեպի նահանգի մեջ:
 
Կիլիկիան Հայաստանը պատմական Հայաստանի նշանավոր մասն է, հատկապես իր թողած եւ աշխարհի շատ երկրներով սփռված մշակութային (գրականության, երաժշտության Ճարտարապետության) ժառանգությամբ: Կիլիկիայում էին գործում ժամանակին հայտնի հայ արվեստագետներ Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի կաթողիկոս) եւ Վարդան Այգեկցին: Հատկապես մեծ համբավ ուներ Կիլիկիայի Մանրանկարչության դպրոցը: Այդ դպրոցի սաներից էր աշխարհահռչակ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, Կոստանդինը, Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը: Թագավորական ընտանիքները նույնպես շատ մոտ են կանգնած եղել մշակութային կյանքին: Հայտնի ռուս գրող Վալերի Բրյուսովը իր աշխատություններից մեկում նկարագրում է Կիլիկյան Հայաստանը, որպես «մարդկության հոգեւոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը»:
Փոքր Հայքի՝ Կիլիկիան Հայաստանի՝ Սիրիահայ համայնքի վարժարանները
 
Սիրիայի Կիլիկիայի հայերը 19-րդ դարի երկրորդ կեսից թուրքական լծի դեմ սկսված պայքարին մասնակցել են ակտիվորեն։ 1920թ. օգոստոսին ազգային գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Կիլիկիայի իշխանությունը կենտրոնացվել էր Անգլիայի հրամանատարության ձեռքում, այնուհետեւ Ֆրանսիայի: ֆրանսիական կառավարությունը 1921-ի հոկտեմբերի 20-ին Անկարայի պայմանագրով Կիլիկյան Հայաստանը հանձնեց Թուրքիային… Ցավոք Կիլիկյան Հայաստանը զրկվեց հայ բնակչությունից սուլթան Աբդուլ Համիդի, երիտթուրքերի եւ քեմալականների հայասպան քաղաքականության հետեւանքով:
 
Հայերի զանգվածային գաղթը դեպի Սիրիա վերստին տեղի է ունեցել Մեծ եղեռնից հետո։ Ժամանակակից սիրիահայ համայնքը ձեւավորվել է 1920-ական թթ. սկզբին, Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկիայից բռնագաղթած հայերով: Ըստ տարբեր տեղեկությունների Սիրիայում բնակվում էր մոտ 150 հազարից մինչեւ 350 հազար հայ, հաշվառված հայերի հիմնական զանգվածը տեղաբաշխված Հալեպում, Դամասկոսում, Հոմսում, Լաթաքիայում, Քեսաբում, Կամըշլիում, Թարթուսում, Համայում եւ այլուր: Ժամանակակից Սիրիայում, Հալեպում XVI-XVII դդ. գործել է դպրատուն («դասատուն»), որի գրիչների գործերից պահպանվել են 200-ից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաեւ հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ: Հայտնի էին նկարիչներ Ումեի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը եւ ուրիշներ:
 
Հալեպում XIX դ. 40-ական թթ. գործել է հայկական չորս տարրական դպրոց: Հալեպահայ ազգային կյանքը կազմակերպել է Ռուբինյան միությունը (հիմնադրվել է 1846 թ.), 1858-ին բացվել է առաջին մանկապարտեզը («Ծաղկոց»), 1867-ին՝ առաջին իգական դպրոցը: 1876-ին հիմնվել են Ներսեսյան (արական) եւ Վարդուհյաց (իգական) դպրոցները: Ուսումնասիրաց ընկերությունը (1880), Դպրոցասեր տիկնանց միությունը (1898), Հալեպի գլխավոր միջնակարգ դպրոցներն են Լազար Նաճարյան - Գալուստ Կյուլպենկյան, Կարեն Եփփե, Կիլիկյան, Մխիթարյան վարժարանները: Նախակրթարաններից են Տաուտիե թաղամասի հայ ավետարանականը, Կրթասիրացը, Գերմանիկյանը, Անարատ հղության քույրերինը, Հայկազյանը, Ներսեսյանը եւ այլն:
 
Դամասկոսում հայկական առաջին դպրոցը հիմնվել է 1849 թ., Ազգային թարգմանչաց երկրորդական վարժարանը հիմնադրվել է 1898 թ., Կյուլապի Կյուլպենկյան - Սահակյան, Հայ Ավետարանական (մանկապարտեզի եւ նախակրթարանի բաժիններով) եւ այլ վարժարաններ: 1922 թ. հիմնադրվել է Ս. Հակոբյանց ազգային երկսեռ վարժարանը, որն ունի նախակրթարան եւ մանկապարտեզի բաժիններ:
 
1921 թ հիմնադրվել է Մեծի Տանն Կիլիկիո տարրական եւ ավագ հայկական դպրոցը, 12 - րդ դասարանով, խառը միջնակարգ դպրոցը, որը բաղկացած է երեք բաժիններից՝ տնկարանային, տարրական եւ միջնակարգ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին շենքը, այն գտնվում Սիսսի ծառուղու երկայնքով: Սկզբում, դպրոցը հիմնադրվել է 1921 թ` Կիլիկյան փախստականների ջանքերով, այնուհետեւ Կիլիկիայի ասոցիացիայի օգնությամբ 1930 - ին: 1960 թ. Կիլիկյան դպրոցի ներքո գործող վարչակազմի Կիլիկյան մշակութային միության միջոցով վերակառուցվել է ավելի քան 450 աշակերտների համար:
Կրթասիրաց ավագ դպրոց, որը հիմնադրվել է 1924 թ: Այնթափի Կրթասիրաց ասոցիացիայի ջանքերով բացվեց Այնթափի Կրթասիրաց Խառը դպրոցը, մինչեւ 1974 թ. դպրոցը գործում էր հին քրիստոնեական շենքի մոտ, այժմ տեղափոխվել է նոր շենք:
 
1930-ական թթ. Սիրիայում կային 18, 1946-47-ին՝ 21 դպրոց: 1947 թ - ին Կարեն Ջեպպեի նախաձեռնությամբ, ապա կաթողիկոս Զարեհ Ա - ին Մայր Աթոռ Կիլիկիա, միջնորդությամբ հիմնադրվեց Կարեն Ջեպպեի անունով դպրոցը: Դպրոցի շենքն ընդլայնվել է 1966, 1973 եւ 1986 թ.: Այսօր, դպրոցն ունի ավելի քան 1100 աշակերտ:
 
Լազար - Նաջարյան, Գալուստ Գյուլբենկյան - Կենտրոնական վարժարանը հիմնադրվել է 1954 թ - Լազար Նաջարյանի ջանքերով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից, այն վերածվել է ավագ դպրոցի, որն ունի նաեւ միջնակարգ բաժին: 1959թ. այն վերանվանվել Լազար Նաջարյան, Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական - դպրոց: Դպրոցը ունի ավելի քան 1500 աշակերտ, այն գործում է Սիրիայի շրջանային կենտրոնական կոմիտեի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: Դպրոցն ունի իր թատերական դահլիճը, որը կրում է իր անվան բարերարի անունը «Գէորգ Հակոբ Նազարյան»:
 
1972-78-ին՝ Սիրիայում գործում էր 14 հայկական միջնակարգ եւ տարրական դպրոցներ: 1980-ական թթ. Սիրիայում կար 38 հայկական միջնակարգ եւ տարրական դպրոց, որից 24-ը գտնվում էր Հալեպում, 6-ը` Քեսաբում եւ շրջակայքում, 3-ը` Դամասկոսում, 2-ը` Կամըշլիում, 2-ը` Ջեզիրեում, 1-ը` Լաթաքիայում: 1986-ին՝ 22 դպրոց, 1994-ին՝ 14 դպրոց:
Դեռեւս 1920-ական թթ-ից Սիրիայում գործում են մեծ թվով բարեգործական, հայրենակցական, մշակութային, հայրենասիրական, մարմնամարզական միություններ: Գնահատելի աշխատանքներ են կատարում Թեքեյան մշակութային միության, Համազգային մշակութային միության, ՀԵԸՀ-ի մասնաճյուղերը, Ազգային մշակութային եւ Կիլիկյան մշակութային միությունները, ինչպես նաեւ Մարտիրոս Սարյան ակադեմիան:
 
Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակը իր «ավերիչ» հետքը թողեց սիրիահայության կենսակերպի վրա: Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակը առավել ցայտուն մատնանշեց սիրիական հասարակության ներքին ճգնաժամը, որը խիստ բացասաբար է անդրադառնում հատկապես Սիրիական քրիստոնեական բնակչության վրա, որի մեկ մասն ել կազմում է սիրիահայությունը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակը բացասական մեծ ազդեցություն է թողել եւ թողնում է հայկական դպրոցներում դասավանդման գործընթացի վրա, այս պատերազմական իրավիճակներում ժամանակավոր կամ մշտապես փակվել եւ շարունակվում են փակվել հայկական դպրոցները Սիրիայում.. Սկիզբ առած պատերազմի թոհուբոհում Սիրիայի հայկական դպրոցները առավել վտանգավոր հատվածներում չեն գործում, իսկ խաղաղ շրջաններում ուսումը շարունակվում է: Սիրիայի հայկական դպրոցների ֆինանսավորումը շարունակվում է Սիրիայի կառավարության կողմից, սա նշանակում է, որ դպրոցների աշխատանքները չեն դադարեցվելու կապված պատերազմական գործողությունների հետ: Ըստ հայ ավետարանական եկեղեցիների համայնքապետի «առավել վտանգավոր հատվածներում դպրոցները չեն գործում, իսկ խաղաղ շրջաններում ուսումը շարունակվում է: Դամասկոսի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը տեղեկացրեց. «Սիրիայում երկրի իշխանության եւ ընդդիմության միջեւ ամիսներ շարունակվող ռազմական գործողությունները չեն խաթարել Դամասկոսի հայկական եկեղեցիների եւ դպրոցների բնականոն աշխատանքը: Հայկական եկեղեցիները գործում են, եւ փակվելու մասին խոսք անգամ չկա»:
 
Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Չինբաշյանը նշում է, որ Սիրիայում քաղաքական վիճակի վատթարացման հետեւանքով Սիրիահայ երեխաների ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել ոչ թե Հայաստանում, այլ` Լիբանանում, ինչը պայմանավորված է լեզվի տարբերությամբ եւ կրթական ծրագրով:Չնայած առաջացած շատ խնդիրների, Սիրիահայության բազմաթիվ դպրոցականներ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն եւ շարունակում են իրենց ուսուցումը: Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Սիրիահայ դպրոցականները իրենց ուսուցումը հիմնականում իրականացնում են արեւելահայերենով եւ առանձին բացված հատուկ դպրոցներում արեւմտահայերենով՝ Սիրիահայ կրթական ծրագրին համապատասխան: Սիրիահայերը հաղորդակցվում են արեւմտահայերենով, փաստորեն հեռանալով իրենց լեզվական միջավայրից եւ գտնվելով Հայաստանի Հանրապետությունում նրանց առջեւ ծառանում է լեզվի խնդիրը: Արեւմտյան Հայաստանի Գիտության եւ կրթության հանձնախումբը մտահոգ է սիրիահայերի առջեւ ծառացած խնդիրներով: Ելնելով առկա իրավիճակից անհրաժեշտ է միասնական կերպով եւ հաստատուն քայլերով ձեռնամուխ լինել Սիրիայի հայկական համայնքի եւ հայկական դպրոցների պահպանմանը տեղում՝ Սիրիայում: Սիրիայի հայ հասարակությունը մեծ հույսեր ունի, որ Սիրիայում տիրելու է խաղաղություն:
 
Արդի պատմական զարգացումներին համապատասխան խնդիր է առաջացել վերարժեւորելու Կիլիկիան, որպես հայկական բնօրրաններից մեկը, որպես Փոքր Հայքի մեկ հատվածը: Դա նշանակում է, որ հարկավոր է ոչ միայն մեր հոգու ու մտքի զորությամբ վերաիմաստավորել եւ արժեւորել Կիլիկիայի պատմական եւ մշակութային նշանակությունը, այլեւ ֆիզիկապես:
 
 Կարինե Հայրապետյան  
Արեւմտյան Հայաստանի Կառավարության Կրթության եւ Գիտության Նախարար
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play