Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ռոլան Բլումը բարձրացրել է<br /> ջավախահայության խնդիրները<br />


Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ռոլան Բլումը բարձրացրել է
ջավախահայության խնդիրները

  • 26-04-2010 18:28:00   | Ֆրանսիա  |  Քաղաքական
ԹԲԻԼԻՍԻ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 13-16-ը Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության կազմում Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան Բլումը Վրաստանի խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում բարձրացրել է ջավախահայության իրավունքների ոտնահարման խնդիրը: Պատգամավորը նշել է, որ վրացական իշխանությունները չեն լուծում ջավախահայության առջեւ ծառացած խնդիրները էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այս մասին հաղորդում են Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միության մամլո ծառայությունից: Իր հանդիպումների ընթացքում պրն Բլումը հատուկ կենտրոնացել է վրացական իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վրա: Ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ վրացական իշխանությունները` հետապնդելով ջավախահայ ակտիվիստին, առաջնորդվում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով: Վրացական պաշտոնյաները չեն ընդունել պատգամավորի փաստարկները` փորձելով համոզել պրն Բլումին, որ Վահագն Չախալյանը «մի սովորական խուլիգան» է, որը կրում է իր «արժանի» պատիժը: Ներկայացնելով Վրաստան կատարած այցի շրջանակներում Ջավախքի խնդիրների շուրջ իր ունեցած քննարկումների արդյունքները` պրն Բլումը հավաստիացրել է «Երկիր» միությանը, որ նա շարունակելու է ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր ջանքերը եւ մասնավորապես, քայլեր է ձեռնարկելու Վահագն Չախալյանի հարցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2010 թ. ապրիլի 26-30-ի նստաշրջանում բարձրացնելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play