Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայկ Ղազարյանի մահախոսականը


Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայկ Ղազարյանի մահախոսականը

  • 27-09-2014 12:41:33   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր լրացավ քառասուներորդ օրը ինչ մեզ հետ չէ մեծանուն գիտնական, անվանի պատմաբան՝ Հայկ Միրզաջանի Ղազարյանը: 2014թ. օգոստոսի 19-ին  կյանքի 83-րդ տարում Երևանում վախճանվեց վաստակաշատ մանկավարժ, մեծաթիվ պատմագիտական աշխատությունների հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայկ Ղազարյանը, որը խոր հետք թողեց արևմտահայության և Հայոց պատմության ուսումնասիրության ասպարեզներում: 
 
  Նա ծնվել է 1930թ-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում, ուսանել տեղի միջնակարգ դպրոցում այնուհետև 1946թ-ին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Պատմության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո 1952-1954թթ. Կամոյի շրջանում աշխատել է իբրև պատմության ուսուցիչ: 1954թ-ին  Հայկ Ղազարյանը ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության Ինստիտուտի ասպիրանտուրա ուր ականավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արևմտահայ դեմոկրատական հոսանքը 1860-ական թվականներին» թեմայով: 1958-1976թթ. նա աշխատել է Պատմության ինստիտուտում , որտեղ 1968-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870թթ.» թեմայով: 1976թ. Նա տեղափոխվել է աշխատանքի ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, որտեղ մինչև 1988թ. աշխատել է իբրև ԽՍՀՄ Պատմության ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ 1980-1984թթ. զբաղեցրել է նաև ֆակուլտետի դեկանի պաշտոնը: 1988-1995թթ. Հայկ Ղազարյանը աշխատանքի է անցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախ իբրև պրոֆեսոր, այնուհետև 1992-1995թթ. Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչ: Կյանքի  վերջին երկու տասնամյակը նա գերադասեց անմնացորդ նվիրաբերել միայն գիտահետազոտական աշխատանքներին:
 
Հայկ Ղազարյանն արհեստավարժ պատմաբան էր: Նրա գիտական հետքրքրությունների էին մինչ այդ գրեթե չուսումնասիրված՝ արևմտահայության պատմության հիմնախնդիրները XIXդ-ում, որոնց քննության վրա նրա ուշադրությունը հրավիրել է Աշոտ Հովհաննիսյանը: Կյանքի տարբեր ժամանակահատվածներում նա ոչ միայն գրեց արևմտահայությանը պատմությանը նվիրված ընդհանրացնող բնույթի ծավալուն հետազոըություններ, ինչպիսիք են՝ «Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870թթ.» (Երևան 1967թ.), «Արևմտահայությունը ցեղասպանության նախօրեին» (Երևան 2001) մենագրությունները, այլև որոշ արևմտահայ հայտնի գործիչների նվիրված ուսումնասիրություններ՝ «Գրիգոր Չիլինգարյան» (Երևան 1959), «Մաթեոս Մամուրյան» (Երևան 1961), «Հարություն Սվաճյան» (Երևան 1984): Հայկ Ղազարյանն իր նպաստը բերեց նաև նրանցից ոմանց երկերի հրատարակության գործին՝ Հարություն Սվաճյան- «Հրապարակախոսություն» (Երևան 1960), Մաթեոս Մամուրյան- «Երկեր» (Երևան 1966):
 
Հետագայում՝ դարեր շարունակ արևմտահայության հատած բարդ ուղիների առէջքներում հիանալի կողմնորոշումներ ունեցող պատմաբանը ձեռնամուխ եղավ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների ուսումնասիրությանը: Նրա գրչին են պատկանում ստվարածավալ ուսունասիրություններ՝ «Հայ ժողովրդի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում 1890-1922թթ.» հատոր Ա-Բ (Երևան 2004 երկրորդ վերամշակված հրատարակություն՝ Երևան 2007), «Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերն ու նրանց ողբերգական դերը հայ ժողովրդի ճակատագրում» (Երևան 2010), «Սևրի պայամանագիրը և Վուդրո Վիլսոի իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ» գիրք Ա-Բ (Երևան 2012): Հաշվի առնելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակահարված տալու անհրաժեշտությունը՝ նա Հայոց ցեղասպանության պատմությանը նվիրված իր մենագրության համառոտ տարբերակները լույս ընծայեց նաև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն լեզուներով:
 
  Հայկ  Ղազարյանի արժանիքներից էր հայ ժողովրդի բնաջնջման դիտարկումն իբրև օսմանյան տարբեր վարչակարգերի կողմից իրականացված ցեղասպան քաղաքականության անքակտելի մաս: Այդ մասին է վկայում օսմանահպատակ տարբեր ժողովուրդների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կիրառված ցեղասպան քաղաքականությանը նվիրված նրա՝ «Օսմանյան բռնապետության ներքո ապրող հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանության պատմությունը 1452-1922թթ.» հատոր Գ (Երևան 2010), մենագրությունը, որտեղ քննարկված են մասնավորապես հույն, բուլղար, ասորի, եզդի ժողովուրդների ոչնչացման գործընթացները երկարատև ժամանակահատվածում, ինչն անկասկած պայմանավորված էր Հայոց ցեղասպանության՝ իբրև օսմանյան տարբեր վարչակարգերի կողմից իրականացված շարունակական գործընթացի (1894-1922) շուրջ նրա որդեգրած իրատեսական հայեցակարգային մոտեցմամբ:
 
Հարկ է փաստել, որ պատմաբանը մեզ է թողել նաև «Հայկական հասարակական-քաղաքական շարժումը XIXդ. 50-60թթ. և Ռուսաստանը» (Երևան 1979) մենագրությունը:
 
  Երկար տարիներ աշխատելով ՀԽՍՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտում Հայկ Ղազարյանը գործուն մասնակցություն է ունեցել նաև «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակի աշխատանքների իրականացմանը: Նա հանդես է եկել ոչ միայն սույն հրատարակության V հատորի (Երևան 1974) տարբեր գլուխների հեղինակ այլև գլխավոր խմբագիր Ծատուր Աղայանի տեղակալ: Նա անուրանալի ավանդ է ներդրել նաև «Հայկական սովետական հանրագիտարանի» ստեղծման գործում, գրել բազմաթիվ հոդվածներ, մասնավորապես Արևմտյան Հայաստանի և արևմտահայ գործիչների մասին: Նա զբաղվել է նաև Հայաստանի պատմական աշխարհագրության հարցերով, իբրև հեղինակակից մասնակցել բազմաթիվ քարտեզների կազմման աշխատանքների, որոնք զետեղված են «Հայ ժողովրդի պատմության» նշված հատորում, «Հայկական սովետական հանրագիտարանում» և նրա մենագրություններում:
 
   Անժխտելի է Հայկ Ղազարյանի ՝ մանկավարժական գործունեության ոլորտում ունեցած մեծ ներդրումը: Սակայն առավել էական ըստ տողերիս հեղինակի, նրա՝ պատմական գիտությանն անմնացորդ նվիրվածությունն էր: Որքան տարօրինակ է, չնայած առաջադիմած տարիքին, նրա աշխատունակությունը բացարձակապես չէր  նվազում: Հերթական գրքի լույս ընծայումից հետո նա խոսում էր միայն նախատեսվող նոր մենագրությունը թղթին հանձնելու բուռն ցանկության և պատրաստակամության մասին: Նա ցանկանում էր գրի առնել նաև իր հուշերը, սկայն այդ մտադրությունը չհասցրեց իրականացնել:
 
  Հարկ է նշել նրա բնավորությանը բնորոշ որոշ առանձնահատկություններ, հանգուցյալ պատմաբանը մեծ ակնածանք էր տածում իր ուսուցչի՝ Աշոտ Հովհաննիսյանի հանդեպ, ինչը բնորոշ է ցավոք սակավաթիվ անձանց: Ինձ հետ ունեցած գրեթե յուրաքանչյուր զրույցի ընթացքում նա ոչ միայն բարձր կածիքներ էր հայտնում նրա գիտական գործունեության մասին, այլև նրա հասցեին ուղղում խորը երախտագիտության անկեղծ խոսքեր:
 
  Հայկ Ղազարյան հայրենասեր անձնավորություն էր: Ի տարբերություն շատ այլոց, Մոսկվայի և Կարսի 1921թ. պայամագրերին նվիրված գրքում նա իր քաղաքացիական պարտքը համարեց հայացք նետել 2009-ին  կայացած հայ-թուրքական բանակցությունների վրա և հայտնեց իր ժխտողական դիրքորոշումը Թուրքիայի հետ նման հիմունքներով պայմանավորվածության կայացման շուրջ:
 
  Հաշվի առնելով Հայկ Ղազարյանի գիտական վաստակը՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա մենագրությունները ներկայացվեցին Նոբելյան մրցանակի: Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը և Ազգային անվտանգության պրոբլեմերի գիտության միջազգային ակադմիան 2001-ին նրան ընդգրկեցին իրենց կազմում, իսկ Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա գրքի իսպաներեն տարբերակը նպաստեց նրա՝ Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամի կոչմանն արժանանալուն:
 
Մեզ հետ չէ այլևս անվանի տաղանդաշատ պատմաբան-բանասերը, հայագիտության ասպարեզում անուրանալի վաստակ ունեցող գիտնականը, հայրենանվեր, իր ժողովրդի երազանքներով ապրող ու ցավերով տառապող մարդը, անաչառ և սկզբունքային քաղաքացին: Պրոֆեսոր Հայկ Միրզաջանի Ղազարյանի հիշատակը ընդմիշտ կմնա բլոր նրան ճանաչողների սրտում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play