Հոկտեմբերի 3-ին, կմեկնարկի 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը


Հոկտեմբերի 3-ին, կմեկնարկի 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը

  • 02-10-2014 17:17:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հոկտեմբերի 2-ին կայացավ 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված մամուլիս ասուլիս, որի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
 
10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 3-5, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «ԵրևանԷքսպո» կենտրոնում: Պաշտոնական բացումը կիրականացվի 10:00-ին, իսկ այցելուների համար ցուցահանդեսի մուտքը հոկտեմբերի 3-ին ազատ կլինի ժամը 11:30-ից սկսած:
 
«ԴիջիԹեք Էքսպոյի անցած տասը տարիներն ապացուցեցին, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում կայուն զարգացում է գրանցում` խթանելով երկրի տնտեսության բոլոր ոլորտների և հասարակական կյանքի առաջխաղացմանը: ԴիջիԹեքը նաև այն գործիքներից է, որն ուղղված է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն: Ցուցահանդեսը դարձել է տեխնոլոգիական հայության տոնը, նրանց շփումների և համագործակցության լավագույն հարթակը, բացի այդ, ԴիջիԹեքն ամփոփ ներկայացնում է ՀՀ տեխնոլոգիական ոլորտը և առկա հաջողությունները»,- նշեց միության գործադիր տնօրեն ԿարենՎարդանյանը։
 
«Յուքոմ» ընկերությունը, լինելով տեխնոլոգիական զարգացումների և նորարարությունների բարեխոս ու կարևորելով հայաստանյան ՏՀՏ և ԲՏ ոլորտի զարգացումն ու առաջընթացը գիտելիքների վրա հիմնված հասարակության կառուցման գործում, որոշում կայացրեց ստանձնել ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի գլխավոր հովանավորությունը, - նշեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Նա մասնավորապես ավելացրեց. «Արդեն տասը տարի է «ԴիջիԹեքը» համարվում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի կարևորագույն միջոցառումը, որն իր շուրջ հավաքում է ոլորտի տեղական և միջազգային մի շարք լուրջ ընկերություննների: «ԴիջիԹեքի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները շարժիչ ուժ են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան շուկայի զարգացման, ՏՀՏ կրթական ծրագրերի ընդլայնման, գործարար կապերի ձևավորման և ամրապնդման, ինչպես նաև հասարակության էլեկտրոնային կրթվածության մակարդակի բարձրացման ճանապարհին»: 
Տարիների գործունեության արդյունքում մեր բաժանորդը զգացել է համաշխարհային նորարարությունների մուտքը սեփական բնակարան և կենցաղ, և այս ամենը նաև Digitec-ի շնորհիվ, - նշեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Այս տարի նույնպես Յուքոմը Դիջիթեքի այցելուներին կներկայացնի իր նորարարությունները, որոնց տեխնոլոգիական լուծումները նորություն են ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մակարդակով:
Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաեւ՝ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: ԴիջիԹեքը Հայաստանում ամենամեծ ու ամենասպասված ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։
 
Հոբելյանական ԴիջիԹեք Էքսպոի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից են.
«Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է: 
Համակարգչային և բջջայինխաղերի հեքեթոն, որի ընթացքում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են միանալ հեքեթոնին:
Աշխատանքի տոնավաճառ` ցուցահանդեսի 3-րդ հարկում գործելու է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացնելու են թափուր աշխատատեղերը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար:
ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալո ւամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:
 
Ցուցահանդեսի բաժիններն են` 
Համապարփակ ինժեներական լուծումներ, Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, Ծրագրային և վեբլուծումներ, Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Տեխնոլոգիական կրթություն: 
 
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորը` «Յուքոմ» ընկերությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play