Հայֆեստ փառատոնը ներկայացնում է «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի պրեմիերան


Հայֆեստ փառատոնը ներկայացնում է «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի պրեմիերան

  • 02-10-2014 17:26:20   | Հայաստան  |  Մշակույթ

ԱՄՆ դեսպանությունը սիրով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին Երևանի տիկնիկային թատրոնում Հայֆեստ միջազգային թատերական փառատոնի շրջանակում տեղի կունենա 2012թ. Պուլիցերյան մրցանակի արժանացած  «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի պրեմիերան: Պիեսը ներկայացնում է Իրաքի պատերազմում վիրավորված վետերանի վերապրած տրավման ու նրա պայքարը վերաինտեգրման ու կյանքի «բնականոն» հուն վերադառնալու ճանապարհին: Պրեմիերայի հատուկ հյուրերի շարքում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, պ-ն Արմանդո Ռիեսկոն, ով պիեսի առաջին ամերիկյան բեմադրության մեջ մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը և Էլիոթ Ռուիզը, ԱՄՆ ծովահետևակի նախկին զինծառայող, ում կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել պիեսի համար:
 
Այս պիեսն ընտրվել է ԱՄՆ դեսպանության կողմից այն ակնկալիքով, որ հայ հանդիսատեսի շրջանում քննարկում ծավալվի այն մասին, թե հասարակությունն ինչպես է ընդունում պատերազմից ու զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդներին, ովքեր խորը վերքեր ունեն՝ ֆիզիկապես և հոգեպես: «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսում առաջ են քաշվում հարցեր, որոնք Հայաստանում, ընդհանուր առմամբ, չեն արծարծվում, և շեշտադրվում են հետպատերազմյան տրավմաների ու հաշմանդամության հետ կապված խնդիրները:  
 
Պ-ն Ռիեսկոն աշխատել է Հայաստանի ստեղծագործական թիմի հետ բեմադրության հարցերի շուրջ. եղել են մի շարք տեսազանգեր, իսկ այս շաբաթ նա ժամանել է Հայաստան բեմադրության վերջնական աշխատանքներին մասնակցելու ու պրեմիերային ներկա գտնվելու համար: Հայաստանում պ-ն Ռիեսկոն անցկացնում է վարպետության դասեր երիտասարդ սցենարիստների հետ, տարբեր հանդիպումներում ներկայացնում է պիեսում արծարծվող հարցերը և  մշակութային ոլորտի գործընկերների հետ քննության է առնում ժամանակակից ամերիկյան դրաման:  Բեմադրության նախապատրաստական աշխատանքների սկզբում հայկական ստեղծագործական խմբի հետ աշխատել է նաև ամերիկացի ռեժիսոր Սանչեզը: Իսկ Պ-ն Ռուիզը օգնում է պիեսի ադապտացման հարցում, ինչպես նաև հանդիպումներ է ունենում հայ վետերանների ու զինծառայողների հետ՝ ներկայացնելով ԱՄՆ ծովահետևակի զինծառայողի իր փորձը:
 
Պիեսը հայաստանյան բեմում կներկայացվի 10 անգամ, ընդ որում՝ երկուսը Հայֆեստի շրջանակում: Վերջին ներկայացումը կլինի նոյեմբերի 24-ին: Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play