12-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը
09-10-2014 18:11:06 | Հայաստան | Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը: 12-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ին այս տարի հյուրընկալվել էին 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն:
Փառատոնի բացումը կայացավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ:
Երևանյան 10 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 50 ներկայացում:
Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ չպաշտպանելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավորդների հետ»:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նաև ուսանողներին հնարավորություն տվեց ներկայացնել իրենց աշխատանքները «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում:
Բոլորր ներկայացումների մուտքը անվճար է եղել, բացառությամբ բացման ներկայացումը (հրավիրատոմսերով): Այս հանգամանքը հնարավորություն տվեց ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին:
Փառատոնն ամփոփվեց երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում. փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):
Ս.թ. հոկտեմբերի 9-ին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կայացած ասուլիսին մասնակցում էին. «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը: