Գյուղաբնակ կանանց միջազգային օրը առիթ է՝ լսելու նրանց ձայնը և արձագանքելու նրանց մտահոգություններին.Բան Կի-Մուն


Գյուղաբնակ կանանց միջազգային օրը առիթ է՝ լսելու նրանց ձայնը և արձագանքելու նրանց մտահոգություններին.Բան Կի-Մուն

  • 15-10-2014 14:47:00   | ԱՄՆ  |  Միջազգային

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ԳՅՈՒՂԱԲՆԱԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ.
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 2014 թ.
 
Մայրս ողջ կյանքն ապրել է գյուղում: Թեպետ նա բավարար կրթություն չի ստացել, ես մեծացել եմ՝ խորությամբ զգալով նրա իմաստնությունը, ճկունությունն ու խելքը: Կյանքիս հաջորդ փուլերում ընդգրկված լինելով հանրային ծառայության մեջ՝ ես հասկացա, որ այս որակները բնորոշ են ամբողջ աշխարհի միլիոնավոր գյուղական կանանց: 
Հավաքականորեն՝ գյուղական կանայք ուժ են, որ կարող է առաջ մղել համաշխարհային առաջընթացը: Մենք պետք է օգտագործենք այդ ուժը գալիք տարվա մեր երեք փոխկապակցված նպատակների իրականացման համար. Հազարամյակի զարգացման նպատակների ուղղությամբ մեր աշխատանքի խթանում, կայուն զարգացման նոր տեսլականի որդեգրում և կլիմայի վերաբերյալ ծանրակշիռ համընդհանուր համաձայնագրի կնքում:
Հաճախ ապրելով ծայրահեղ աղքատության, բնական աղետների և այլ վտանգների առաջագծում՝ գյուղաբնակ կանայք իրենց հսկայական մասնաբաժինն ունեն մեր համաշխարհային արշավների հաջողության մեջ: 
Գյուղական բնակավայրերի կանանց մեծամասնությունը կենսամիջոցների ապահովման հարցում կախված է բնական պաշարներից: Զարգացող երկրներում նրանք գյուղատնտեսական աշխատուժի ավելի քան 40 տոկոսն են: Նրանք արտադրում են, մշակում և պատրաստում հասարակությանը մատուցվող սննդի զգալի մասը՝ հաճախ հանդիսանալով կենցաղային սննդի անվտանգության, առողջական վիճակի և կրթական հնարավորությունների հիմնական պատասխանատուները:
Գյուղաբնակ կնոջը տալով գյուղատնտեսական և բնական արտադրական պաշարներից օգտվելու հնարավորություն՝ մենք նրանց ուժ ենք տալիս: Նրանք էլ, իրենց հերթին, կարող են ավելի նպաստել սովի կրճատմանը և իրենց համայնքների՝ կլիմայի փոփոխության, հողերի դեգրադցիայի և սողանքների հետևանքների հաղթահարման կարողության ամրապնդմանը: Սա շահավետ է բոլորի համար:
Բայց նման արդյունքի հասնելու համար մենք պետք է հաղթահարենք խտրականությունը և զրկանքները, որոնց շարունակում են ենթարկվել գյուղաբնակ կանայք: Շատ-շատերին հասանելի չեն հողատարածքները, շուկաները, ֆինանսական միջոցները, սոցիալական պաշտպանությունը և ծառայությունները: Շատերը նաև խիստ վտանգների են ենթարկվում իրենց կյանքի համար անհրաժեշտ գործերն իրականացնելիս, ինչպիսիք են ջուր կամ վառելիք հավաքելը:
Գյուղաբնակ կանանց միջազգային օրը առիթ է՝ լսելու նրանց ձայնը և արձագանքելու նրանց մտահոգություններին: Եկե′ք միասին ձգտենք բացահայտել գյուղական բնակավայրերի կանանց ներուժը՝ պաշտպանելով նրանց մարդու իրավունքները, աջակցելով նրանց տնտեսական առաջխաղացմանը և հնարավորություն տալով իրենց լիարժեք ներդրումն ունենալ մեր ընդհանուր ապագայի կերտմանը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play