Ընթացքի մեջ են «Սուրբ Նորաշեն» եկեղեցու վերականգնման աշխատանքները


Ընթացքի մեջ են «Սուրբ Նորաշեն» եկեղեցու վերականգնման աշխատանքները

  • 16-10-2014 19:14:56   | Վրաստան  |  Մշակույթ
Norashen
 
15-րդ դարի կառույց Սուրբ Նորաշեն եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ից:
 
Դեռևս 2013 թվականի հունվարին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Հայաստան կատարած այցի ժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին բարձրացրեց Վրաստանի տարածքում գտնվող և խորհրդային տարիներին բռնագրավված հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը, որին ի պատասխան վարչապետ Իվանիշվիլին հանդես եկավ նախաձեռնությամբ` մինչև եկեղեցիների պատկանելության մասին որոշում ընդունելը՝ սկսել վթարային վիճակում գտնվող տաճարների վերանորոգումը և պատրաստակամություն հայտնեց «Քարթու» հիմնադրամից ֆինանսավորել դրանց վերականգնման աշխատանքները:
 
Եկեղեցիների վերականգնման աշխատանքների պլանավորման և նախագծերի մշակման նպատակով ստեղծվեց աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են Վրաստանի մշակույթի նախարարության և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության ներկայացուցիչները:
 
Առաջիկա մեկ տարվա ընթացքում կիրականացվեն եկեղեցու հիմքի ամրապնդման, իսկ այնուհետև արտաքին տեսքի և ողջ պարագծի վերականգնողական աշխատանքներ: Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնության համաձայն, վերականգնման աշխատանքներն իրականացվում են «Քարթու» պատմական հուշարձանների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Տաճարի վերականգնման նախագիծը պատրաստել է «Ինժեներական կարծիք» ճարտարապետական ընկերությունը, որի հիման վրա աշխատանքներն իրականացնում է «Աբա ջգուփի» շինարարական ընկերությունը: Եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծերի պատրաստմանը և շինարարության ընթացքին ուշի-ուշով հետևում է Վիրահայոց Թեմը: Իսկ Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կողմից իրականացվում է աշխատանքների վերահսկողությունը: Վերականգնողական աշխատանքները կշարունակվեն երեք տարի:
 
Անկախության վերականգնումից հետո հրատապ դարձած և արդեն 20 տարի ձգձգվող Վրաստանի տարածքում գտնվող հայոց եկեղեցիները Վիրահայոց Թեմին վերադարձնելու հարցով կառավարության հետ բանակցությունները շարունակվում են:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play