Բնակիչները համատիրության հետ միասին բարեկարգել են իրենց բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքը


Բնակիչները համատիրության հետ միասին բարեկարգել են իրենց բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքը

  • 17-10-2014 13:40:04   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան, 17 հոկտեմբերի, 2014: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Գևորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչները մեծ խանդավառությամբ նշեցին իրենց շենքի երեք շքամուտքերի վերանորոգման և մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրման աշխատանքների ավարտը: Մուտքերի վերանորոգումն իրականացվեց Հաբիթաթ Արմենիայի և Ինեկոբանկի հետ համատեղ իրականացվող Բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը և էներգաարդյունավետության բարձրացման որոշակի աշխատանքները՝ նպաստելով համատիրությունների և բնակիչների դերի բարձրացմանը և բանկային ոլորտի՝ նման ծրագրերում ակտիվ ներգրավմանը: 
«Համատիրություն-բնակիչներ հարաբերությունները պետք է ամրապնդվեն: Միայն վստահության, կամքի և համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր այս ծրագրի հաջողությունը», - ասում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի Ծրագրերի տնօրեն Կարինե Մաիլյանը:
Գևորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչների կողմից երկար սպասված համատեղ ծրագիրն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի, Գևորգ Չաուշ համատիրության, Ինեկոբանկի և Հաբիթաթ Արմենիայի հետ սերտ համագործակցությամբ: Երևանի քաղապետարանը, ընդառաջ գնալով բնակիչների՝ ծրագրին մասնակցելու մեծ ցանկությանը, իրականացվել է  30% սուբսիդավորում, իսկ Շենգավիթ վարչական շրջանը  սուբսիդավորել է տոկոսագումարի մարումը:
 
Նույն ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արդեն իսկ վերանորոգվել են 2 շենքերի տանիքներ Վանաձորի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և սուբիսիդավորմամբ:
«Ուրախ ենք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համատեղ ջանքերով բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն`Ինեկոբանկն այս նախագիծը դիտարկում է որպես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակը բարելավելու փայլուն հնարավորություն», -նշեց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի կառավարիչ Հայկ Գասպարյանը»: 
Հաբիթաթ Արմենիան պատրաստ է աշխատել ցանկացած շահագրգիռ համատիրության հետ՝ համատեղ վերանորոգելու բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն