Կառավարությունը աջակցում է համայնքներին


Կառավարությունը աջակցում է համայնքներին

  • 30-10-2014 15:24:35   | Հայաստան  |  Տնտեսություն
Արմավիրի մարզի Արազափ համայնքին հատկացված տրակտորի արժեքի 50 տոկոսը մարելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվից հատկացրել է 3.5 մլն դրամ: Գյուղական համայնքին տրամադրվող աջակցության շնորհիվ հնարավոր կլինի ցանքաշրջանառության մեջ ընդգրկել գյուղի չօգտագործվող վարելահողերը, որակյալ իրականացնել մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական աշխատանքները: 
Չարենցավանի քաղաքային համայնքում ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի հարկային պարտավորությունների կատարման նպատակով կառավարությունը տրամադրել է 12 մլն 259 հազար դրամ:
Կառավարությունը հավանություն է տվել Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին, որով նախատեսվում է համայնքային բյուջե մուտքագրված գումարը ուղղել քաղաքի երկրագիտական թանգարանի սրահների ցուցադրության կազմակերպմանն ու կահավորմանը:
 
Պարզեցվում և կարգավորվում են գործընթացները
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» իր նախկինում ընդունած որոշման մեջ, պարզեցնելով ծագման երկրի սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման գործընթացը:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Ինտերալկո» ՍՊԸ կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելու մասին որոշմամբ նախատեսված ծրագրի ընթացքը ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշման մեջ, ճշգրտելով ներմուծվող ապրանքների անվանացանկը:
Քաղաքաշինական գործունեության նպատակով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների զբաղեցման, մասնավորապես՝ կառուցապատող-իրավասու մարմին հարաբերությունների կարգավորման նպատակով լրացումներ են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ, մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխություններով կարգավորվել են քարաթափերի վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքաշինական օբյեկտների՝ հասարակական ու արտադրական շենք-շինությունների պաշտպանությանն առնչվող հարցեր:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կանոնադրության երկու տարբեր դրույթների հակասությունը վերացնելու նպատակով գործադիրը համապատասխան փոփոխություն է կատարել ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ, ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդը հաստատել նոր կազմով:
 
 
Այլ հարցեր
 
 
Կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանը կառավարական թիվ 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող գույքի ենթամասերն ու հատվածները ձեռք բերելու գործընթացում աջակցություն և օժանդակություն ցույց տալ գնորդին և գործարքների իրականացման համար արտաբյուջետային հաշիվ բացել:
Կառավարությունն ընդունել է Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, մեկ այլ որոշումով Մհեր Անանյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն