Ավելացված արժեքի հարկը վերադարձվում է արտահանողներին


Ավելացված արժեքի հարկը վերադարձվում է արտահանողներին

  • 06-11-2014 14:29:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել է 7.145.000,0 հազար դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ԱԱՀ-ի վերադարձի գումարների տրամադրումը, ասել է. «Արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացրել ենք: Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր»:
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2015» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: Երևան քաղաքի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ «Հին Երևան» ծրագիրը քաղաքաշինության արդի պահանջներին համապատասխան իրականացնելու, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին, որը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխության իրականացումը, նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը: «Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, և մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015թ. վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչև 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», - ասել է վարչապետը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ընդունվել է համապատասխան որոշում, ՀՀ երեք խոշոր քաղաքներում և խիտ բնակեցված տարածքներում աէրոլուսանկարների խտացման համար պլանաբարձրունքային հիմքի ստեղծման աշխատանքներ կատարելու նպատակով վերաբաշխում և փոփոխություններ է կատարվել ՀՀ 2014թ. պետբյուջեում և նախկինում ընդունված որոշման մեջ:
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն կառավարությունը համաձայնություն է տվել «Արտաքին պարտքի և ակտիվների մասին» 1992թ. մարտի 13 արձանագրության գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Մեկ ուրիշ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» Համաձայնագրի կնքման առաջարկությանը:
 
 
Կառավարությունը հաստատել է
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության,
մաքսային գործի իրականացման նպատակով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման՝ Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը, հավանություն է տրվել 2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննությունների ծրագրին, ինչը տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ, խթանելով արտադրության ծավալների աճը, հաստատել է առևտրի վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մուտքի արտոնագրերի ճանաչման մասին» 1992թ. նոյեմբերի 13-ի, «ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին» 1997թ. հոկտեմբերի 9-ի համաձայնագրերի, «ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության աջակցության հիմնադրամի ստեղծման մասին» 1998թ. սեպտեմբերի 11-ի հիմնադիր պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին արձանագրությունների կնքման առաջարկություններին:
ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու, ապրանքների ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով համաձայնություն է տրվել «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009թ. նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին. արձանագրության կնքման առաջարկությանը, ինչը թույլ կտա որպես ներմուծվող ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթուղթը ներկայացնել ապրանքի ծագման մասին հայտարարագիրը, եթե ապրանքների ընդհանուր արժեքը չի գերազանցում 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play