Մարիո Մացցոլան հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների հետ


Մարիո Մացցոլան հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների հետ

  • 10-11-2014 14:31:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների և 2014 թվականի ՀՀ նախագահի կրթական պարգևի արժանացած ուսանողների համար «Innovations in Data Center Networking» դասախոսությամբ հանդես գալու նպատակով՝ «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Նա Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2014թ.-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2014) ստանալու համար: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ Նախագահի նստավայրում՝ ս.թ. նոյեմբերի 12-ին:
 
Մասնագիտական նեղ շրջանակների համար նախատեսված դասախոսությունից առաջ, կայացել է Մարիո Մացցոլայի համատեղ մամուլի ասուլիսը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Համաշխարհային ՏՏ ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանի հետ:
 
Հայաստանի մրցակցային առավելության կարևոր ուղղություն համարելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մրցունակ լուծումների մշակմանն ուղղված նախագծերին: Ընկերությունն արդեն հինգերորդ անգամ անընդմեջ ստանձնում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող այս կարևոր մրցանակի հովանավորությունը: 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նաև մրցանակակրի ընտրության համար պատասխանատու ընտրող հանձնաժողովի անդամ է, իր ողջույնի խոսքում նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից ջերմորեն ողջունում եմ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրում կատարած Մարիո Մացցոլային և խորին երախտագիտություն հայտնում ՏՏ համայնքի, ուսանողների և մեր ընկերության աշխատակիցների հետ հանդիպելու պատրաստակամության համար: Հայաստանը տաղանդների երկիր է: Կյանքում չկա ավելի մեծ պարգև, քան հասնել մեր երազանքի իրականացմանը՝ Հայաստանի հզոր ներուժը տեսնել բացահայտված: Ձեզ հետ շփման հնարավորությունը մեզ թույլ կտա ավելի ճշգրիտ նախագծելու դեպի մեր երազանքը տանող ճանապարհը»:
 
«Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՀՏ ոլորտի հետ, եւ այս հեղինակավոր եւ հավակնոտ մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է: Աշխարհի հսկաները բարձր տեխնոլոգիաների ասպարեզում գալիս են Հայաստան՝ բարձրացնելով մեր երկրի ճանաչողությունը, որպես ինտելեկտին ապավինող երկիր»,-ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
«Պատմության մեջ, քչերն են ունեցել տեսլական, դիրք ու հնարավորություն ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բերել են խոշոր պարադիգմային տեղաշարժ ՏՏ ոլորտում, և որոնք իրենց դրական հետքն են թողել մեր կյանքում: Մարիո Մացցոլան այդ համաշխարհային ճանաչում վայելող հազվագյուտ լուսավոր անձանցից մեկն է: Նա միշտ եղել է   հիմնական ուղղորդողը, ինչը հնարավորություն է տվել «Cisco» ընկերությանը շարունակական առաջատար լինել և վերափոխել համացանցային արդյունաբերությունը գլոբալ մակարդակում»,-ասել է մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը:
 
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
 
Մարիո Մացցոլան հինգերորդ մրցանակակիրն է: Հիշեցնենք, որ առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը երկրորդն էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Երրորդ մրցանակակիրը «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինն էր: Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ «Hitachi Electronic Devices Group»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Hitachi»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն եղել է չորրորդ մրցանակակիրը:
 
Մարիո Մացցոլա
 
«Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ
 
Մարիո Մացցոլան «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահն է: Նրա անմիջական ղեկավարությամբ աշխատող «Insieme» թիմը ստեղծում է ապագա սերնդի հաշվիչ կենտրոնի լուծումներ իր ծրագրային սահմանված ցանցային տեսլականով՝ աշխատածրագրային ենթակառուցվածքով  և պատասխանատու է «Cisco»-ի «Merchant and Merchant plus Switching» պորտֆոլիոյի, ինչպես նաև «Nexus» 3000 և 9000 պորտֆոլիոների համար: Նախկինում` մինչև 2013թ.-ի նոյեմբերը, երբ «Cisco»-ն ձեռք բերեց «Insieme»-ը, Մարիո Մացցոլան ղեկավարել և համահիմնադրել  է «Insieme Networks» կորպորացիան: Լինելով «Cisco»–ի 21 տարվա աշխատակից-վետերան` Մացցոլայի կյանքի հիմնական սկզբունքներն եղել են շփումը, վստահությունը, արդարությունը և աճի հնարավորություն ընձեռող միջավայրի ստեղծումը:
Մինչ «Insieme»-ը Մարիո Մացցոլան եղել է «Cisco» ընկերության տեխնոլոգիական խմբի ավագ փոխնախագահ. այդ տարիներին բիզնեսն աճել է՝ ծավալելով բազմամիլիարդավոր դոլարային գործունեություն և, այսպիսով, ԱՄՆ մասնաբաժինների շուկայում զբաղեցնելով առաջին, Եվրոպայում` 2-րդ տեղերը: Այդ բիզնեսը սկսել է իր իսկ հիմնադրած և որպես գլխավոր գործադիր տնօրեն ղեկավարած «Nuova Systems»-ի ձեռքբերմամբ: «Nuova Systems»-ը մասնագիտացել է հաշվիչ կենտրոնի փոխակերպումների ոլորտում՝ կառուցելով «Nexus» 2K, 5K, «Unified Fabric» և «The Unified Computing System»-ը:
Մինչև «Nuova Systems»-ը ղեկավարելը, Մարիո Մացցոլան զբաղեցրել է «Cisco» ընկերության զարգացման գծով գլխավոր տնօրենի պաշտոնը՝ պատասխանատու լինելով «Cisco»-ի գիտահետազոտական ընդհանուր ռազմավարության, ինչպես նաև ամբողջ ինժեներական կազմակերպության ղեկավարության համար, որը բաղկացած էր  11 տարբեր տեխնոլոգիական խմբերից (IOS Technologies, internet Switching & Services, Core Routing, Network Management Services, Optical, Storage, Voice, Aggregation, access, Ethernet Access, Wirelss): Բացի այդ, Մացցոլան եղել է նոր բիզնես վենչուրների գծով ավագ փոխնախագահ և բիզնեսի ձեռներեցության գծով ավագ փոխնախագահ:
Որպես նոր բիզնես վենչուրների գծով ավագ փոխնախագահ՝ ղեկավարել է նոր տեխնոլոգիաների ինկուբացիոն եղանակով ուսումնասիրությունները, ինչն էլ աջակցել է «Cisco»-ի բիզնես ռազմավարություններին: Նրա ղեկավարման տարիներին «Cisco»-ն ձեռք է բերել բոլոր խոշոր ընկերությունները, որոնք, «Crescendo»-ին զուգահեռ, հիմք են դարձել «Cisco»-ի՝ բազմամիլիարդավոր դոլարային բիզնեսի համար: Ձեռք բերված ընկերություններից են «Kalpana», «Granite» և «Grand Junction»: Բիզնեսի ձեռներեցության գծով ավագ փոխնախագահի պաշտոնում նա օգնել է ուղղորդել «Cisco»-ի ռազմավարությունները, համաշխարհային վերջնական լուծումները և տվյալների, ձայնի և վիդեոյի կոնվերգենցիան:
Մինչ «Cisco»-ում աշխատելը Մարիո Մացցոլան համահիմնադրել և որպես նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն է աշխատել «Crescendo» ընկերությունում: Ձեռքբերումից հետո «Crescendo»-ն դարձել է «Cisco»-ի աշխատանքային բիզնես բաժանմունք, որտեղ Մացցոլան զբաղեցրել է փոխնախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնները: Նա նաև համահիմնադրել և որպես ինժեներական գծով փոխնախագահ է աշխատել «David Systems» ընկերությունում, որը զբաղվում է PBX (ձայնային) տեխնոլոգիաների  և լոկալ ցանցային տեխնոլոգիաների (տվյալների) ինտեգրմամբ:
Մարիո Մացցոլան ունի էլեկտրական ճարտարագիտության մասնագիտությամբ մագիստրոսի կոչում՝ ստացված Իտալիայի Բոլոնիայի համալսարանից: Նա ճանաչված առաջատար է ցանցային և հեռահաղորդակցական ոլորտում, ով սկիզբ է դրել կոմուտացիային: Նա արտոնագրեր ունի ցանցային տեխնոլոգիաների ասպարեզում, որոնք վերաբերում են տվյալների փոխանցման, ինչպես նաև ձայնի և տվյալների ինտեգրացիայի, Ethernet-ի միջոցով տվյալների ձայնային փոխանցման, և UCS-ի հիշողության ընդլայնման ոլորտներին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play