Արծվաբերդ գյուղում վերանորոգվում է 16 տարի անգործության մատնված պոմպակայանը


Արծվաբերդ գյուղում վերանորոգվում է 16 տարի անգործության մատնված պոմպակայանը

  • 11-11-2014 00:00:36   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

Ադրբեջանի հետ 34 կմ սահման ունեցող Արծվաբերդ գյուղում այս օրերին աշխատանքային եռուզեռ է: Իրականացվում է ջրամատակարարման ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, որի մասին ընթացիկ տարվա գարնանը հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):
 
Ջրի խնդիրն Արծվաբերդում հանգեցրել է կենցաղավարության տարրական պայմանների բացակայության` նպաստելով համայնքից հեռանալու գյուղացիների որոշմանը: Գյուղապետը վստահ է, որ ծրագրի ավարտը թեթևացնելու է ոչ միայն գյուղացիների, այլև իր հոգսը:
 
Վերանորոգվում է շուրջ 16 տարի անգործության մատնված և վթարային դարձած պոմպակայանը, որտեղ կտեղադրվի վայրկյանում 4լ ջուր մղելու հնարավորությամբ, էներգախնայող 2 նոր պոմպ: Պոմպակայանում արդեն տեղադրվել են նոր մետաղական դռներ, իսկ հարդարման մնացած աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Գյուղապետը համոզված է, որ պոմպերը տեղադրելուց, պատուհանների և ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո` պոմպակայանը լիարժեք կծառայի իր նպատակին:
 
Ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման ծրագրով այս գյուղում նախատեսված է նաև 5,5կմ ջրագծի կառուցում, ինչպես նաև վայրկյանում 4-5լ ջուր սպասարկելու հնարավորություն ընձեռող մեկ այլ` վթարային ջրագծի և ջրընդունիչ կայանի վերանորոգում: Այս ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ են տարվում:
 
Համայնքապետը տեղեկացնում է, որ ամեն ինչ արվում է ծրագիրն օր առաջ ավարտին հասցնելու համար: Հողային աշխատանքներն 90%-ով ավարտված են: Գրեթե ավարտին է մոտենում նաև ջրագծերի մոնտաժման աշխատանքը: Բետոնապատվել է նաև շուրջ 370տ տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ-ն), որը, մասնագետների գնահատմամբ, կարող է ընդունել 2 ջրագծով մատակարարվող ջրաքանակն ամբողջությամբ և այնտեղից 24 ժամ ջուր մատակարարել գյուղացիներին:
 
Առաջիկայում կցանկապատվեն սանիտարական բոլոր գոտիների տարածքները, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ և արծվաբերդցիները կազատվեն սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից: Մեկընդմիշտ կմոռացվի նաև կենցաղում տարբեր նպատակներով կիրառելու համար` անձրևաջուր հավաքելու սովորությունը:
 
Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում խմելու ջրի խնդիրը լուծում կստանա Արմավիրի մարզի՝ Լուկաշին, Արազափ և Տավուշի մարզի՝ Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այս ուղղությամբ միավորել են ջանքերը և հետևում են իրականացվող աշխատանքների ընթացքին:
 
 
Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play