Հայաստանը արտադրող երկրից աստիճանաբար վերածվում է սպառող երկրի


Հայաստանը արտադրող երկրից աստիճանաբար վերածվում է սպառող երկրի

  • 28-11-2014 18:11:02   |   |  Տնտեսություն

Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը 2011 թվականին տրամադրած 20 մլն դոլարի վարկը, որն ուղղվել է երկրի գյուղոլորտին,   չի ծառայում բուն նպատակին: Այս մասին նոյեմբերի 28-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ, «Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ»-ի փոխտնօրեն Ստեփան Խոյեցյանը: Ըստ նրա, 
արոտավայրերի անապատացման դեմ պայքարի համար տրամադրված վարկային գումարներով նախատեսվում էր 
 բարձրացնել արոտների օգտագործման արդյունավետությունը 30 տոկոսով,  բարելավել 53000 հեկտար գյուղամերձ արոտների վիճակը և գյուղատնտեսության ոլորտում ներդրել նոր տոխնոլոգիաներ:
Ս. Խոյեցյանի պնդմամբ` ծրագրով նախատեսված  աշխատանքները չեն կատարվել, քանի որ  գյուղնախը չունի համապատասխան տեխնոլոգիաներ և մեքենասարքավորումներ, իսկ 30 մլն դոլարի չափով նոր, երկրորդ վարկը ևս կարժանանա նույն  ճակատագրին, եթե չձեռնարկվեն արտակարգ միջոցներ:
«20 մլն դոլարանոց վարկային ծրագրի հիմնական նպատակը եղել է գյուղացուն օգնելը, որպեսզի վերջինս կարողանա արտադրել բարձրորակ և ցածր ինքնարժեքով մրցունակ կաթ և միս` ապահովելով տեղի սպառողին բավարար քանակությամբ կաթնամսամթերքով»,- ասաց Ս. Խոյեցյանը` նշելով, որ կաթնամսամթերքի որակը ուղիղ կապ ունի արոտավայրերի և անասնակերի որակի հետ:
Վերջինիս պնդմամբ` նախարարության ունեցած տվյալներով, 1 մլն հեկտար արոտի 60 տոկոսը պիտանի չէ, իսկ պիտանի արոտների բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ:
«Առաջին ծրագրի ավարտին` 2014 թվականի վերջին, խոտի պակասի պատճառով առկա է անասունների հարկադրական մորթի միտումը, մինչդեռ խնդիրները կլուծվեն, եթե օգտագործվեն մեր գիտնականների ստեղծած մեքենաները, նոր պարարտանյութը, որոնք թույլ կտան պայքարել երաշտի դեմ, ավելացնել խոտի բերքը 2-3 անգամ, անապատից ետ նվաճել 600 հազար՚՚ հեկտար արոտ»,- ընդգծեց Ս. Խոյեցյանը:
Ըստ Ս. Խոյեցյանի` 20000 դոլար գումարի չափով աջակցության դեպքում տեղի գիտնականները կարող են թռչնաղբից ստանալ գրանուլացված օրգանական պարարտանյութ, որը շատ ավելի նպաստավոր կլինի բերքատվության առումով, իսկ արտերկրից պարարտանյութ ներկրելու համար ծախսվող գումարը կխնայվի մոտ  20 մլն դրամի չափով:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցության հետևանքներին Հայաստանի կերարտադրության և անասնապահության ոլորտներում` բանախոսը նշեց, որ անդամակցությունը կարող է էական և դրական ազդեցություն ունենալ հայ եւ ռուս գիտնականների համագործակցության պարագայում:
«Ես վստահ եմ, որ այստեղ ոչինչ չի փոխվի, ուստի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, պատրաստվում եմ մեկնել Ռուսաստան և այնտեղ ներկայացնել այս ծրագրերը»,- նշեց բանախոսը: 
Նա տեղեկացրեց նաեւ, որ Գավառում Հակոբյան Վասիլ անունով մի մարդ կա, ով սեփական ուժերով ստեղծել է տասնյակից ավելի գյուղատնտեսական տեխնիկա, սակայն չի կարողանում այն իրացնել, քանի որ,ինչպես գտնում է Ս. Խոյեցյանը`  տեղի ներկրողներին ձեռնտու չէ ներքին արտադրանքի խթանումը: Ըստ վերջինիս, այլ երկրներից վարկեր են տրամադրվում այն պայմանով, որ այդ վարկային գումարներով ձեռք բերվեն  չինական և եվրոպական արտադրության մեքենասարքավորումներ: Հայաստանին այսպիսով պարտադրում են արտադրող երկրից դառնալ միմիայն սպառող երկիր: 
«Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ»-ի փոխտնօրենը գտնում է, որ հենց վերը նշված պատճառով իրենց ինստիտուտին զրկեցին ֆինանսավորումից և հայտարարեցին, որ գյուղատնտեսության մեքենայացումը գերակա ճյուղ չէ, իսկ ներդրման համար խորհուրդ տվեցին դիմել էկոնոմիկայի նախարարություն:
 
 
Էլիզա Զախարյան «Նոյյան Տապան»
 
 
 
 
 
 
 
 
 
 
  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն