Արմավիրի մարզի Լուկաշին համայնքը ջրամատակարարման նոր համակարգ կունենա


Արմավիրի մարզի Լուկաշին համայնքը ջրամատակարարման նոր համակարգ կունենա

  • 05-12-2014 11:32:02   | Արմավիրի մարզ  |  Տնտեսություն

 
Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ջրի խնդիր է եղել դեռևս խորհրդային տարիներին: Շուրջ 2600 բնակիչ ունեցող գյուղի որոշ թաղամասերի առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է մատակարարման երկժամյա գրաֆիկ: Տարիներ շարունակ շահագործված թուջե խողովակները ենթարկվել են կոռոզիայի, ջարդվել և վաղուց դուրս են եկել շարքից: 
 
Լուկաշինցիները տարիներ առաջ գտել են ջրի ցածր ճնշումը կարգավորելու ժամանակավոր լուծում, որը, սակայն, արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել: Հանրապետության 4 համայնքում ջրի կորուստները կանխելու, մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու և կենցաղավարության տարրական պայմաններ ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գարնանը համաձայնագիր են ստորագրել: 
 
Լուկաշինում ամռանն սկսված ջրամատակարարման ծրագիրը մեծ թափ է առել: Բացի 4,2 կմ երկարություն ունեցող մայր ջրագծից, այս համայնքում կառուցվող ջրամատակարարման ներքին ցանցի երկարությունը կազմելու է շուրջ 12,2 կմ: Նախալեռնային այս շրջանում իրականացվող աշխատանքները մեծ համբերություն և ջանասիրություն են պահանջում: Ծրագրի շուրջ համագործակցող կողմերն ու գյուղացիները, սակայն, չեն հուսահատվում: Նոր ջրատարի անցկացման ժամանակակից, գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային խողովակների տեղադրման, ջրաչափական ենթակառուցվածքի ներդրման միջոցով նրանք ձգտում են ցանկալի արդյունք ստանալ: 
 
Իրականացվող վերականգնման աշխատանքների արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում (օրական 2 ժամից մինչև շուրջօրյա), խմելու ջրի անվտանգության բարձրացում, ցանցում վթարների թվի կրճատում, ինչպես նաև ջրի և էներգիայի խնայողություն: Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ ծրագիրն արդեն 70 տոկոսով իրականացվել է: 
 
Առաջիկայում կտեղադրվեն ջրաչափեր, ջրաչափական ժամանակակից դիտահորեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ և լուկաշինցիները կազատվեն սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից: 
 
Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրից ընդհանուր առմամբ օգտվելու է 4 համայնքի ավելի քան 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play