«Հայասատան» եռալեզու ալբոմում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր հուշարձանները


«Հայասատան» եռալեզու ալբոմում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր հուշարձանները

  • 10-12-2014 17:20:52   |   |  Մշակույթ

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախագծերից շատերը ուղղված են հայաճանաչման խորացմանը նպաստող գրքերի ու աշխատությունների հրատարակմանը: Այս մասին դեկտեմբերի 10-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով ներկայացրեց օրերս լույս տեսած «Հայասատան» եռալեզու գիրք-ալբոմը:  
Ինչպես տեղեկացրեց հուշարձանագետը, ալբոմն ամփոփում է տեղեկություններ Մեծ Հայքի ամբողջ տարածքի բնության և հուշարձանների մասին` սկսած նախապատմական շրջաններից մինչև 20-րդ դարի սկիզբը: 
«Իր տեսակով բացառիկ այս ալբոմում զետեղված են տասնյակ բերդերի, եկեղեցիների, իջևանատների, աղբյուրների, կամուրջների և բազմաթիվ այլ հուշարձանների մասին տեղեկություններ և շուրջ 1300 լուսանկարներ, որոնց գոյությունն անգամ արձանագրված չէր»,- նշեց Ս. Կարապետյանը:
Ըստ նրա` լուսանկարների մեծ մասն ինքն է արել 2000 թվականից հետո, սակայն կա մոտ 100 լուսանկար, որոնք արխիվային են:
Գիրքը բաղկացած է 13 բաժիներից (484 էջ), որոնցից առաջին մի քանիսում  ներկայացված է հայկական լեռնաշխարը, հայկական ջրաշխարհը, այնուհետև ըստ ժամանակագրության և տեսակի ներկայացված են բոլոր հուշարձանները:
1000 օրինակով լույս տեսած «Հայաստան» ալբոմը չի վաճառվելու. պատվիրատուն` «Գազպրոմ Հայաստան»-ի նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, այն նախատեսել է տարածել որպես նվեր:
Ճանապարհորդությունների ընթացքում հուշարձանագետը նկատել է, որ  Թուրքիայում բնակվող քրդերը ավերում են ցանկացած հին հուշարձան գանձեր որոնելու նպատակով:
«Քրդերն այնքան տգետ են, որ ջարդում են ամենագեղեցիկ և ճոխ զարդարանքներով խաչքարերը` կարծելով, որ հենց դրանց մեջ կարող են պահված լինել գանձերը»,- նշեց Ս. Կարապետյանը հավելելով, որ նման կերպ նրանք վարվում են անգամ քրդական հին գերեզմանատների հետ:
Ս. Կարապետյանը անդրադարձավ նաև Թուրքիայի տարածքում գտնվող կիսավեր հուշարձանների վերականգման աշխատանքներին և նշեց, որ առայժմ արվող աշխատանքները բավարար չեն: 
 Նա մասնավորապես նշեց, որ տարբեր տեղերում միտումները տարբեր են. «Օրինակ Անիի դեպքում տեղի իշխանությունները  վերանորոգել են եկեղեցիներից մեկը, բայց  կիսատ, քանի որ ավարտելու դեպքում ստիպված պետք է լինեն եկեղեցու գմբեթին տեղադրել  խաչը»: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play