Հայաստանի ատոմակայանը երկրում առկա կոռուպցիայի որջերից մեկն է.Մեկնաբան


Հայաստանի ատոմակայանը երկրում առկա կոռուպցիայի որջերից մեկն է.Մեկնաբան

  • 16-12-2014 15:24:39   | Արմավիրի մարզ  |  Վերլուծություն
 
Հայաստանի ատոմակայանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Ձերբակալվել է ատոմակայանի կոմերցիոն տնօրենը: Չի բացառվում, որ կոռուպցիոն բացահայտումների շղթան բերի նոր ձերբակալության:

 

Հայաստանի ատոմակայանի շուրջ ստեղծվում է հետաքրքիր վիճակ, հատկապես Հայաստանի էներգետիկայում առկա տնտեսական ու քաղաքական մի շարք իրողությունների պայմաններում:

 

Ներկայում Հայաստանը Ռուսաստանի հետ պատրաստվում է իրականացնել գործող ատոմակայանի նորոգման ծրագիր՝ 270 միլիոն դոլարի ռուսական վարկով եւ 30 միլիոն դոլարի դրամաշնորհով: Դրա նպատակն է երկարաձգել հայկական ատոմակայանի գործունեությունը եւս տասը տարով:

 

Հայաստանը 2008 թվականից հռչակել է նաեւ նոր ատոմակայանի շինարարության ծրագիրը, որը սակայն գտնվում է սառեցված վիճակում: Ընդ որում, մինչ սառելը Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր, որով Ռոսատոմը ստանձնում էր ատոմակայանի շինարարության պատրաստակամություն: Ռուսաստանը պետք է տրամադրեր ֆինանսավորման 20 տոկոսը, մոտ 1 միլիարդ դոլար, իսկ Հայաստանը՝ գտներ այլ ներդրողներ: Բայց ո՞վ կգա ներդրման մնացյալ մասն իրականացնելու, եթե արդեն պարզ է, որ շինարարությունը կատարելու է Ռոսատոմը:

 

Այլ կերպ ասած, Ռուսաստանն ընդամենը իր ձեռքի տակ վերցրեց հայկական նոր ատոմակայանի ծրագիրը, բարեհաջող քնեցրեց այն, իսկ ինքն սկսեց միջուկային էներգետիկայի ծարգացման առավել մասշտաբային ծրագրերի շուրջ պայմանավորվել Թուրքիայի հետ: Ընդ որում չի բացառվում, որ հայկական միջուկային էներգետիկայի հեռանկարները արգելակելը Ռուսաստանի հետ բազմամիլիարդ գործակցության հարցում Թուրքիայի նախապայմանն է:

 

Թուրքիան ու Ադրբեջանն ընդհանրապես հանդես են գալիս Հայաստանը միջուկային էներգետիկայից զրկելու պահանջով: Միջուկային էներգետիկան չի բխում նաեւ Ռուսաստանի շահից՝ թե քաղաքական, թե կոմերցիոն: Քաղաքական շահից չի բխում, քանի որ միջուկային էներգետիկան Հայաստանին օժտում է էներգետիկ անկախությամբ, նաեւ ռազմա-քաղաքական որոշակի կշռով: Ատոմակայանը միջուկային զենք չէ, բայց ինժեներատեխնիակական հայկական պոտենցիալը ունակ է շատ բանի, եւ բացի այդ էլ ատոմակայանը կատարում է զսպող նշանակություն տարածաշրջանի համար, ինչը եւս Հայաստանն անկախությամբ օժտող, Հայաստանին կշիռ հաղորդող գործոն է:

 

Ինչ վերաբերվում է կոմերցիոն շահին, ապա այստեղ եւս իրավիճակը պարզ է: Ռուսաստանը Հայաստանի գազի միակ մատակարարն է ու պարտադրել է դեկտեմբերի 2-ի պայմանագիրը: Ռուսաստանը նաեւ Հայաստանի էներգաարտադրող հզորությունների մեծ մասի սեփականատերն է: Դրանք աշխատում են գազով: Հետեւաբար, եթե Հայաստանի էներգետիկայում ատոմակայանի տեսակարար կշիռ չկա կամ այդ կշիռն անհեռանկար է, ապա դրանով մեծանում է ռուսական գազով աշխատող ռուսական արտադրական հզորությունների կշիռը՝ Ռուսաստանն իր իսկ մատակարարած գազով էլեկտրաէներգիա է արտադրում իրեն պատկանող հայկական ընկերություններում եւ իրեն պատկանող ցանցով բաշխում այդ էլեկտրաէներգիան: Ատոմակայանն այստեղ ավելորդ է: Ինչպես օրինակ ավելորդ են ՀԷԿ-երը: Պատահական չեն տեւական ժամանակ առկա խոչընդոտները հայ-իրանական Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասով, նաեւ Որոտանի ՀԷԿ-երի կասկադն ամերիկյան ընկերությանը վաճառելու մասով, ինչը թույլ կտար արդիականացնել կասկադը:

 

Ահա այդ ֆոնին ատոմակայանի շուրջ ծագած կոռուպցոին սկանդալը ստեղծում է բավական ուշագրավ մի վիճակ: Այստեղ վարկածները կարող են մի քանիսը լինել: Չի բացառվում, որ Ռուսաստանը մինչեւ ատոմակայանի նորոգման վարկավորման գործնական փուլը պահանջում է Հայաստանի իշխանությունից «մաքրել» ատոմակայանը: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունն ինքը, ելնելով բարդ ֆինանսական խնդիրներից եւ ֆինանսական օպտիմիալացման հրամայականից, փորձում է ատոմակայանում նվազեցնել կոռուպցիոն ռիսկը, որպեսզի չփոշիանա ռուսական վարկը:

 

Միեւնույն ժամանակ, ատոմակայանում կոռուպցիոն սկանդալը ինքնաբերաբար ունի լիովին այլ ենթատեքստ, վտանգավոր ենթատեքստ: Ինչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանի ատոմակայանը երկրում առկա կոռուպցիայի որջերից մեկն է: Իսկ ատոմակայանը ռազմավարական նշանակության օբյեկտ է, Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության համար գերկարեւոր օբյեկտ: Պարզվում է, որ այդ օբյեկտում ծաղկում է կոռուպցիան: Դա ուղղակի առնչություն ունի ռազմավարական օբյեկտի անվտանգության հետ: Կոռուպցիան եւ անվտանգությունն անհամատեղելի հասկացություններ են, համենայն դեպս քաղաքակիրթ աշխարհի համար:

 

Հետեւաբար, ատոմակայանում կոռուպիցիոն սկանդալի առկայությունը սպառնում է հայկական ատոմակայանի վարկանիշին՝ որպես անվտանգ շահագործվող կառույց: Չի բացառվում, որ այդ հարցը կարող է հայտնվել միջազգային կառույցների օրակարգում, ստանալով ձեւակերպումներ ընդհուպ Հայաստանում միջուկային էներգետիկայի առկայության հետագա նպատակահարմարության վերաբերյալ: Նկատի ունենալով այն, թե որքան ազդեցիկ կողմեր են շահագրգռված Հայաստանը միջուկային էներգետիկայից զրկելու հարցում, հայկական ատոմակայանում կոռուպցիոն սկանդալի հասունացումն այդ կողմերը կարող են օգտագործել իրենց քաղաքական եւ կոմերցիոն շահերի համար:

 

Ընդ որում շատ հետաքրքիր է, որ սկանդալը հասունանում է ատոմակայանում, այն դեպքում, երբ Հայաստանի էներգետիկ համակարգում մեծ ճեղքվածք ունեն օրինակ Ռուսաստանին պատկանող բաշխիչ էլցանցերը: Բայց այդ ճեղքվածքը ոչ թե հետաքննության առարկա դարձավ, այլ դարձավ ընդամենը սպառողների համար էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու պատճառ:

 

Այդ պայմաններում, Հայաստանի իշխանությունը պարտավոր է ատոմակայանի կոռուպցիոն սկանդալը բացահայտել լիարժեք եւ արագ, բացառելով որեւէ «տեսարան»: Կոռուպցիան պետք է բացահայտվի հանուն անվտանգության, բայց բացահայտման գործընթացն ինքնին չպետք է դառնա ատոմակայանի եւ Հայաստանի անվտանգության խորքային սպառնալիք: Միեւնույն ժամանակ, պետք է հրապարակային իրավական պատասխան ու պարզաբանում ստանան Հայաստանի էներգետիկայում առկա բոլոր կոռուպցիոն ռիսկերը, որոնց վերաբերյալ հանրային հարցադրումներ են հնչում պարբերաբար եւ որոնց դիմաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով ստիպում են վճարել Հայաստանի քաղաքացիներին:

lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play