Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են


Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են

  • 25-12-2014 15:32:37   | Հայաստան  |  Տնտեսություն

 






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:
Վաչե Գաբրիելյան - Մեծարգո պարոն վարչապետ, մենք աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել ենք և նայել մի շարք հարցեր, մասնավորապես՝ փոխարժեքի տատանումներին վերաբերող: Կարող եմ կառավարությանը զեկուցել, որ փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունը կազմում է 3-5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է: Շուրջ 94 խանութ ամսի 16-17-ին փակված էր և չէր գործում, որովհետև սպասումներ կային: Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության: Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է բոլոր տեղերում: Ապրանքները վաճառվում են հստակ գներով և տատանման ենթակա չեն: Մենք նաև ստացել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտանցում, որը կատարվում էր մի շարք խոշոր խանութներում: Ես ուզում եմ նշել նաև, որ կան տեղեկատվություններ և մամուլում նշվեցին, որ այդ գները, որ ներկայացվում էին, ամբողջովին բնորոշ չէին: Որպեսզի դիտարկման շարունակականությունն ապահովվի, մրցակցության հանձնաժողովը նայել էր խոշոր խանութների և այդ խոշոր խանութներում եղած գները ևս. ամսի 17-ին եղած պիկից զգալիորեն նվազել են և կրկին ունեն կայունացման միտում: Ինչպես նաև կայունացման միտում կար գազի լցակայանների և այլ ոլորտներում: Տեղեկատվությունը հրապարակված է և դրանից բացի, պարոն վարչապետ, խումբն աշխատանքներ է նախաձեռնել մի շարք ուղղություններով: Մասնավորապես Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ՝ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս դառնան փոքր, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում, թե ինչպիսին է լինելու նրանց վերաբերմունքը: Եվ այս կանոնակարգումների միջոցով ավելի երկարաժամկետ հատվածով մենք արդեն վարչապետին և կառավարությանը կներկայացնենք առավել երկարատև ժամկետին ուղղված միջոցառումներ: Այժմ կարող եմ ուղղակի փաստել, որ թե գների, թե փոխարժեքի տեսակետից ունենք կայուն իրավիճակ և մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման և վաճառքի գների տարբերությանը, ստադարտի մեջ է, որ միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն: 
Վարչապետ Հովիկ Աբրահամյան - Մեր պայմանավորվածության արդյունքում աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարծում եմ, որ պարբերաբար հասարակությանը, հանրությանը պետք է ներկայացնել առկա գործընթացները: 
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել նիստի օրակարգի հարցերի քննարկմանը:


Կենսաթոշակի և նպաստի չափերը կբարձրանան


2015թ. հունվարի 1-ից տարանջատվելու են աշխատանքային, զինվորական, ինչպես նաև «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակների չափերը: Աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվելու է 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ:
2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվելու է 14 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից՝ 16 հազար դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015թ. կկազմի մոտ 41 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշման մեջ, որով սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը, կատարել է փոփոխություններ: Որոշմամբ հստակեցվում է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստի չափը: Բացի այդ, նպաստի չափերը սահմանվել են՝ ծերության նպաստ՝ 14 հազարի փոխարեն 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 19 հազար 600 դրամի փոխարեն՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար 800 դրամի փոխարեն՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն 16 հազար դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն սահմանվել է 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ: Հաջորդ որոշման փոփոխությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող կենսաթոշակի չափը սահմանվել է 14 հազար դրամ:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play