ՎԶԵԲ-ի մասնագետները Հայաստանի համար 2010թ.-ին կանխատեսում<br /> են 2 տոկոսանոց տնտեսական աճ<br />


ՎԶԵԲ-ի մասնագետները Հայաստանի համար 2010թ.-ին կանխատեսում
են 2 տոկոսանոց տնտեսական աճ

  • 16-02-2010 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնագետները անցումային փուլում գտնվող երկրների համար 2010թ.-ին միջինը 3,3 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում: Ինչպես փետրվարի 16-ի ասուլիսում նշեց ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Ելենա Շվեյգերը, Հայաստանի համար կանխատեսվում է մոտ 2 տոկոսանոց տնտեսական աճ: Ըստ նրա, դանդաղ կվերականգնվի շինարարության ոլորտը, հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ պայմանավորված կարձանագրվի արտահանման աճ: Ե.Շվեյգերի խոսքերով, երկրի բանկային համակարգի շնորհիվ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին փուլը չի հարվածել Հայաստանին, սակայն ճգնաժամի բացասական հետեւանքները հետագայում են զգացվել: Ըստ նրա, տնտեսության հիմնական աճն ապահովող շինարարության ոլորտում արձանագրվել է 36,4 տոկոս անկում, կտրուկ նվազեցին մասնավոր տրանսֆերտները: Ե.Շվեյգերը նշեց նաեւ, որ տարածաշրջանի երկրներում տնտեսական միջին անկումը կազմել է 6,1 տոկոս: Ըստ նրա, Հայաստանն այն 5 երկրների թվում է, որտեղ երկնիշ անկում է արձանագրվել: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Ֆրեկլին Սթիվզի խոսքերով, ճգնաժամի պայմաններում անցումային փուլում գտնվող երկրներում բարեփոխումներ իրականացնելն ավելի դժվար եղավ, քանի որ հիմնականում տուժեց բարեփոխումների շարժառիթ հանդիսացող միջին խավը, բարձրացավ գործազրկության մակարդակը: Մասնագետների կարծիքով, ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը բիզնես միջավայրի բարելավումն է, ինչը պետք է իրականացվի կառավարության ջանքերով: Ըստ նրանց, չնայած Հայաստանի արտաքին պարտքի միջոցների մեծ մասն արտոնյալ է, սակայն 2013թ.-ից պարտքի մարման խնդիր կառաջանա: Ըստ ՎԶԵԲ-ի, արտաքին պարտքի պատշաճ սպասարկման ճանապարհներից է երկրում տնտեսական աճի ապահովումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play