Ամփոփվել են Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի արդյունքները


Ամփոփվել են Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի արդյունքները

  • 27-02-2015 15:06:41   | Հայաստան  |  Մշակույթ

«Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում». Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի ամփոփում։ 

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին: Մինչև 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում կիրականացվի 2 ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը: 1. 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով: 2. Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` ՀՀ ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով: Ս. թ. փետրվարի 24-ին և 25-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով փակ մրցույթ-ցուցադրությունը։ Ցուցադրությանն այցելեցին և աշխատանքները գնահատեցին մտավորականության` 20-ից ավելի ակնառու ներկայացուցիչներ` առավելապես կերպարվեստի գործիչներ. 1. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան 2. Արև Սամուելյան 3. Կարեն Աղամյան 4. Արմեն Գասպարյան 5. Կարո Վարդանյան 6. Անուշ Հակոբյան 7. Գագիկ Ղազարյան 8. Ռուբեն Արուտչյան 9. Երանուհի Մարգարյան 10. Հրանտ Թադևոսյան /Թաթոս/ 11. Սվետլանա Պետրիկովա 12. Լուսիկ Ագուլեցի 13. Եղիշե Խերանյան 14. Տիգրան Արզումանյան 15. Հայկ Աղաբեկյան 16. Վերժինե Սվազլյան 17. Հակոբ Չոլակյան 18. Ջուլիետա Հակոբյան 19. Ռոբերտ Էլիբեկյան 20. Աննա Մնացականյան 21. Շահեն Խաչատրյան Աշխատանքները գնահատվեցին 1-5 միավորի սահմանում`համաձայն մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքների գնահատման չափորոշիչների. 1. Տրված վավերագրերին համապատասխանությունը: 2. Աշխատանքի գեղարվեստական արժեքը /կոմպոզիցիոն կառուցվածք, գունային համադրություն, նյութի օգտագործման տեխնիկա/: 3. Ստեղծագործության համոզչականությունը: Այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից լավագույն 15-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրության մեջ: Մեկ աշխատանք էլ կստանա «Հատուկ» կարգավիճակ, որի հեղինակը կպարգևատրվի ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: Ս.թ. փետրվարի 27-ին` ժամը 12:30-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժ/պ Անուշ Հակոբյանը:

 

Նոյյան տապան  -   Մշակույթ