Հայերի իրավունքների պաշտպանության, վերահաստատման ու իրականացման հարցերի շուրջ


Հայերի իրավունքների պաշտպանության, վերահաստատման ու իրականացման հարցերի շուրջ

  • 28-02-2015 23:20:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայկական Հարցի վերջնական կարգավորման համար զուգահեռ ընթացող երկու խնդիրների կարգավորում է ենթադրվում: Դրանք են՝ ա/ Հայերի ցեղասպանության դատապարտման եւ բ/ Հայերի ցեղասպանության հետեւանքների վերացման, այսինքն՝ հատուցման խնդիրները: 
 
Նկատենք սակայն, որ իրականում երկու խնդիրներն էլ կարգավորում ստացել են. Հայերի ցեղասպանությունը դատապարտվել է, Հայերի ցեղասպանության վնասների հատուցման հետ կապված նյութական ու տարածքային որոշումները կայացվել են:  
 
Կայացվել են, սակայն չեն իրականացվել: 
 
Հայերի ցեղասպանությունը դատապարտվել է երկու անգամ: Առաջինը 1915 թ. մայիսի 24-ին, երբ Եռյակ դաշինքի պետությունները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը միացյալ հայտարությամբ դատապարտեցին «Թուրքիոյ նոր ոճիրները մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ» եւ նշեցին, որ դրանք հետեւանքներ են ունենալու (1): Այդպես էլ եղավ: Կոնստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը 1919 թ. դատավարություն իրականացրեց Երիտթուրք պարագլուխների նկատմամբ հետեւյալ մեղադրանքներով՝ Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հայազգի քաղաքացիների կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու համար: Ռազմական հատուկ ատյանը կայացրեց համապատասխան վճիռներ, այդ թվում, ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին հեռագա կարգով մահվան դատապարտելով (2): 
 
Հայերի ցեղասպանության հետեւանքների վերացման վերաբերյալ որոշումները նույնպես կայացվել են: Նյութական վնասի հատուցման հաշվարկը Հատուկ հանձնաժողովի կողմից կատարվել եւ ներկայացվել է 1919 թ., իսկ տարածքային հատուցման խնդրով ստորագրվել է Սեւրի դաշնագիրը ու վավերացվել Իրավարար վճիռ՝ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից: 
 
Ճշմարիտ է, որ վերոնշյալ որոշումները վերաբերում են 1915-18 թթ. իրականացված հանցագործություններին, որտեղից դուրս են մնացել 1894-96, 1909, 1918-23 թթ. հայերի հանդեպ թուրքական իրարհաջորդ կառավարությունների իրականացրած հանցագործությունները ու հայությանը հասցված այլ վնասները եւ, մյուս կողմից, վիլսոնյան Իրավարար վճիռը ներառում է Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթները միայն: Բայց, այնուհանդերձ, ստացվում է, որ անցած ճանապարհը կրկին փորձում ենք անցնել, երբ օրակարգում դնում Հայերի ցեղասպանության դատապարտման հարցը, անմիջապես դրան կապելով՝ ցեղասպանության հետեւանքների վերացման հարցերը: Ավելին, ինչպես դատապարտման, այնպես էլ հատուցման հարցերը, որոնք արդեն կայացվել են, դնում ենք հարցականի տակ, նվազագույնը՝ դրանք դարձնում ենք բանակցությունների առարկա: Այն դեպքում, երբ նմանատիպ հարցերում հրեաներին բավարար եղան Ռազմական հատուկ ատյանի վճիռները եւ հատուցման հարցերով կայացված որոշումները: Տարբերությունը երկու հարցերում հետեւյալն է: Առաջին, որ հրեաների հարցով կայացված որոշումները իրականացվեցին, իսկ հայերի դեպքում՝ ոչ, եւ երկրորդ, որ հայերն արդեն անցած ճանապարհը նորից են ցանկանում անցնել, այն դեպքում, երբ պետք է արդեն իսկ կայացված որոշումները կյանքի կոչելու եւ իրականացնելու հարցերով զբաղվել, այդ թվում՝ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության վերականգնման: 
 
Հայկական Հարցի լուծումը հայերի իրավունքների պաշտպանության, դրանց վերահաստատման ու իրականացման հարցերի հետ է կապված, որն այս պահին անցնում է նաեւ Մերձավոր Արեւելյան բուռն իրադարձությունների միջով (3), որտեղ հայ համայնքները կրկին հայտնվել են նոր ցեղասպանության ու նոր բռնագաղթի ենթարկվելու վտանգների ու սպառնալիքների տակ (4): 
 
Համահայկական ջանքերով այդ սպառնալիքների չեզոքացումը՝ զինյալ չեզոքության արդեն իսկ կայացված որոշման իրականացման միջոցով (5,6,7), ուղիղ ճանապարհներից մեկն է հայության իրավունքների պաշտպանության եւ Հայկական Հարցի կարգավորման: 
 
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ
 
28.02.2015 թ.
 
----------------------
Ծանոթագրություն
1. Տես, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միացյալ հայտարությունը, որով նշյալ պետությունների կատավարությունները դատապարտում են «Թուրքիոյ նոր ոճիրները մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ», 24-ը մայիսի 1915 թ.: 
2. Տես, «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», Առաջաբանը, թարգմանությունը եւ ծանոթագրությունները Ա. Հ. Փափազյանի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրտ., 1989: 
3. Տես, Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր Հայրենիքից-09.02.2012: 
4. Տես, Քեսաբի բնակիչների ուղերձը համայն աշխարհի հայությանը, News.am, Մարտ 30, 2014 | 19:41: 
5. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշումը զինյալ չեզոքության մասին-29.03.2011: 
6. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հրամանագիրը հայերի ինքնապաշտպանության ուժեր ստեղծելու մասին-26.12.2012: 
7. Տես, Հայության պաշտպանության ուժեր կազմավորելու հարցի վերաբերյալ-28.03.2014: 
8. Տես, Արեւմտեան Հայատանի Ազգային Խորհրդի Յայտարարությունը՝ Սուրիոյ հիւսիսային շրջաններում ասորական բնակավայրերի վրա կատարուած յարձակման կապակցութեամբ-26.02.2015: 
 
http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play