ՓՄՁ ներկայացուցիչն առաջարկում է շրջհարկը մինչև 5 տոկոս բարձրացնել փուլերով


ՓՄՁ ներկայացուցիչն առաջարկում է շրջհարկը մինչև 5 տոկոս բարձրացնել փուլերով

  • 02-03-2015 19:45:06   |   |  Տնտեսություն

Մարտի 3-ին ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվելու է «Շրջանառության հարկի մասին»  օրենքի նոր նախագիծը, որն ըստ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Շրջանառության հարկի մասին»  օրենքի նախնական տարբերակի հեղինակ Հակոբ Ավագյանի, շատ կետերով բավարարում է փոքր բիզնեսի ներկայացուցիչների պահանջները: Ինչպես մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հ. Ավագյանը, առաջին ձեռքբերումը շեմի վերանայման հարցն է. այն 58 մլն դրամից հասել է 113 մլն դրամի:

Ըստ նրա, օրենքի հետ կապված կան նաեւ այլ դիտարկումներ, որոնք չեն բավարարում փոքր բիզնեսի ներկայացուցիչների պահանջները:

«Խնդիրներից մեկն այն է, որ մենք ունենք մեծ թվով ապրանքային խմբեր, որ որքան էլ ստիպենք փոքր բիզնեսին, միևնույն է, չեն կարողանալու ապրանքագիր ներկայացնել գործիքակազմ չունենալու պատճառով»,- ասաց Հ. Ավագյանը՝ հավելելով, որ որպես կանոն խնդիրներ առաջանում են ներմուծված, թերի հայտարարագրված ապրանքների հետ:

Հ. Ավագյանը առաջարկում է շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը մինչև 5 տոկոս իրականացնել անցումային փուլերով, որպեսզի  բիզնեսի ներկայացուցիչներն իրենց ապահովագրված զգան և իմանան, որ հարկային բեռն աստիճանաբար կբարձրանա, եթե չներկայացնեն ապարանքների ձեռքբերման փաստաթղթեր:

«Առաջարկում ենք այս տարի սահմանել 3,5 տոկոս, ապա հաջորդ երկու տարիների համար  4 և 4,5-5 տոկոս»,- ասաց Հ. Ավագյանը: 

ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հավաստամամբ`  «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջ քաշված դրույթները, մասնավորապես, 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը, միտված են  բիզնեսի զարգացմանը, քանի որ, ըստ նրա, այս կերպ ՓՄՁ-ները շահագրգիռ կլինեն ներկայացնել փաստաթղթաշրջանառություն:

«Մոտ 34 հազար տնտեսվարող ցույց է տալիս 2,5 միլիոն դրամ շրջանառություն: Դա պարզապես ծիծաղելի է, կստացվի, որ իրենք առեւտուր չեն անում, ու չգիտես ինչու են աշխատում»,- նշեց Վ. Ավազյանը՝ հավելելով, որ իրենք  հնարավորություն են տալիս ազատ աշխատելու, բայց միևնույն ժամանակ սահմանում են խաղի կանոններ. «ՓՄՁ-ն պետք է աջակից լինի պետությանը»,- ասաց նա: 

Հարցին, թե ինչպե՞ս  են հայտանբերելու այն տնտեսվարողներին, ովքեր հրաժարվում են փաստաթուղթ տրամադրել, Վ. Այվազյանը պատասխանեց, որ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ ծառայությունը այդ ուղղությամբ շատ լավ է աշխատում:

Նա նաև տեղեկացրեց, որ մեծ թվով խոշոր տնտեսվարողներ արդեն պատիժներ են կրել. «Եթե ուզում եք հստակ իմանալ, թե ովքեր են,  ուրեմն պետք է դիմեք ՊԵԿ-ի պաշտոնյաին»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության առաջ քաշած նոր նախագծի համաձայն՝ շրջանառության շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվում է 113.4 մլն, իսկ այն առևտրական գործունեություն ծավալողների համար, որոնք չեն ներկայացնի փաստաթղթաշրջանառություն, կվճարեն 5 տոկոս շրջանառության հարկ՝ նախկին 3,5 տոկոսի փոխարեն, իսկ փաստաթղթաշրջանառության դեպքում՝ 1 տոկոս: 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play