Երևանում երթուղիների փակումը շարունակական է լինելու, մինչև ուղեվարձը չբարձրանա.Հրանտ Եղիազարյան


Երևանում երթուղիների փակումը շարունակական է լինելու, մինչև ուղեվարձը չբարձրանա.Հրանտ Եղիազարյան

  • 06-03-2015 16:10:59   | Հայաստան  |  Տնտեսություն
 
Հայաստանի Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր հայտարարել էր, որ առաջիկայում Երևանում հասարակական տրանսպորտի սպասարկման նոր ընկերություններ կփակվեն: Նա ասել է, որ արդեն 7 ընկերություն փակվել է, հասարակական տրանսպորտի ոլորտում իրավիճակն անմխիթար է, իսկ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը խնդրին լուծում չեն տալիս: Նա ասել է, որ երթուղիների փակումը շարունակական է լինելու, մինչև ուղեվարձը չբարձրանա:

 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից Lragir.am-ը հետաքրքվեց, թե տեղյա՞կ են առաջիկայում քանի նոր երթուղի է փակվելու: Նավասարդյանը խուսափեց պատասխանել ոլորտի խնդիրների վերաբերյալ մեր հարցերին: «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, բայց որ 7 երթուղի փակվել է, դրա մասին մենք հայտարարել ենք»,- ասաց նա: Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Երևանի քաղաքապետարանը, որպեսզի նոր երթուղիներ չփակվեն և հասարակությունը տրանսպորտի խնդրի առաջ չկանգնի, Հենրիկ Նավասրարդյանը պատասխանեց, որ իրենք նախկինում էլ փորձեր արել են, որպեսզի երթուղիները չփակվեն, բայց ի վիճակի չեն եղել որևէ բան փոխել: Եթե առաջիկայում կարողանան, քայլեր կանեն, որպեսզի դա չկրկնվի:

 

«Անընդհատ էլ ձգտում ենք, որպեսզի երթուղիները չփակվեն, կարողնանք հնարավորինս շահագործենք, որպեսզի մեր բնակչությանը կարողանանք սպասարկել: Բայց մարդիկ չեն կարողանում ձեռնարկությունը պահել, ստիպված են լինում փակել»,- ասաց նա: Փոխադրողներն առաջարկում են Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը սահմանել 200 դրամ և կոչ անում կառավարությանը սուբսիդավորել 100 դրամը: Ի պատասխան սրա, Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ քաղաքապետարանը սուբսիդիա տրամադրելու հարցը չի կարող քննարկել:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play