Քաղաքապետը երաշխավորում է ներդրողների համար Երեւանում առավելագույն հարմարավետ գործարար միջավայրի ստեղծումը<br />


Քաղաքապետը երաշխավորում է ներդրողների համար Երեւանում առավելագույն հարմարավետ գործարար միջավայրի ստեղծումը

  • 12-01-2011 17:08:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ հարաբերություններն այսուհետ զարգացման նոր ընթացք պետք է ստանան: Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ հունվարի 12-ի հանդիպմանը հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով, մի շարք ծրագրեր եւ համագործակցության համաձայնագրեր կան Երեւանի եւ Լիոնի, Մարսելի, Փարիզի, Նիցի միջեւ, որոնք պետք է գործնական հիմքերի վրա դրվեն: «Ես շատ եմ կարեւորում միջազգային համագործակցությունը եւ հետեւողական եմ լինելու բոլոր այդ ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը: Կ.Կարապետյանը դեսպանին ներկայացրել է Երեւանի կառավարման նոր, արդյունավետ մոդելի մշակման հետ կապված իր մոտեցումները: «Համակարգված, եռաստիճան կառավարման նոր մշակույթ ենք ուզում ներդնել Երեւանում. քաղաքապետարան, վարչական շրջաններ եւ համատիրություններ: Այս հարցում ցանկացած առաջավոր փորձի փոխանակումը մեզ համար շատ կարեւոր է: Այն ճանապարհը, որ ֆրանսիական քաղաքաներն անցել են կառավարման տարբեր ոլորտներում, մենք ցանկանում ենք փորձի փոխանակման միջոցով ներդնել նաեւ Երեւանում»,- նշել է քաղաքապետը: Նա կարեւորել է նաեւ Ֆրանսիական ընկերությունների մուտքը Երեւան: «Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին` մենք երաշխավորում ենք ներդրողների համար ստեղծել առավելագույն հարմարավետ գործարար միջավայր»,- վստահեցրել է քաղաքապետը: Իր հերթին Ա.Ռենոն նշել է, որ առաջիկայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կոնկրետ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների քաղաքների միջեւ բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ֆրանսիական «Վեոլիա Ջուր» եւ «Երեւան Ջուր» ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր: Կ.Կարապետյանը նշել է, որ մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը դեռեւս հեռու է բավարար լինելուց: «Ընկերությունում դրական փոփոխությունների դինամիկան բավարար չէ, կորուստները շատ են, հավաքագրման ցուցանիշը նույնպես չի բավարարում»,- ասել է քաղաքապետը: Նա հայտնել է, որ առաջիկայում շահագրգիռ կողմերի` «Երեւան Ջուր» ընկերության, քաղաքապետարանի, ջրային կոմիտեի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կհստակեցվեն կողմերի անելիքներն ու պարտականությունները: Նման քննարկումներ կլինեն յուրաքանչյուր ամիս:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play