Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7,25 տոկոս, թողնել անփոփոխ


Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7,25 տոկոս, թողնել անփոփոխ

  • 12-01-2011 14:08:28   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 11-ի նիստում որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7,25%, թողնել անփոփոխ: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ, 2010 թ.-ի դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.8% գնաճ, որի արդյունքում 2010 թ. տարեկան գնաճը կազմել է 9.4%: Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական եւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով. պարենային ապրանքների գների աճի ընդհանուր նպաստումը տարեկան գնաճին կազմել է 7.5 տոկոսային կետ: Ընդ որում, մրգի, բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի եւ ձվի գների աճի նպաստումը կազմել է 5 տոկոսային կետ, ներմուծված պարենային ապրանքներինը` շուրջ 2 տոկոսային կետ: Խորհուրդը միակարծիք է, որ պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները, որոնք շարունակաբար ուժգնանում են` պայմանավորված հիմնական միջազգային ապրանքային շուկաներում հիմնարարներից բխող լարվածության պահպանմամբ: Վերջինս, զուգակցվելով 2010 թ. գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով պայմանավորված գնաճային ճնշումներով, շարունակում է ձեւավորել երկրորդային ազդեցություններ եւ գնաճային սպասումներ: Այդուհանդերձ, խորհուրդը քիչ ռիսկային է համարում 2011 թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի նմանատիպ անկման արձանագրումը եւ դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը: Խորհուրդը միակարծիք է նաեւ, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում, սակայն նկարագրված զարգացումների շարունակման պարագայում պահպանվում են գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանը գերազանցելու ռիսկերը: Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսեւորումները եւ գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները, ԿԲ խորհուրդը դեռեւս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play