Լուռու մարզի կանայք հիմնում են բիզնես Եվրամիության աջակցությամբ


Լուռու մարզի կանայք հիմնում են բիզնես Եվրամիության աջակցությամբ

  • 12-03-2015 15:55:59   |   |  Տնտեսություն

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Ախթալայում մարտի 11-ին նշեցին Կանանց միջազգային տոնը: Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումները: Այս համատեղ նախաձեռնությունը ևս մեկ առիթ էր՝ նշանավորելու ԵՄ պատրաստակամությունը օգնելու կանանց կայանալ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:  
 
Միջոցառումն իրականացվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀԵԿԱ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող  «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր ելույթում նշեց, որ Եվրամիության կողմից կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, և այս մեկն էլ դրա վառ ապացույցն է: «Ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է  ընդհանուր առմամբ  62  բիզնես ծրագիր, որից 12-ը՝ խմբային:  Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել են դրական գնահատական, որից  3  ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, և 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, և կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը,  որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման և փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով»,- ասաց նա: 
Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը ներկայացավ «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ: Սա դրական գնահատականի արժանացած սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի հիման վրա Ախթալա համայքնում հիմնվել է տիկնիկային թատրոն: Մինչ այժմ տիկնիկային թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել մարզի տարբեր համայնքներում: 
Բացի այդ, ծրագրի շրջանակներում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցների: Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի և խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայքնում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատնային բիզնեսը զարգացնելու և վրանային ճամբար/կեմպինգ/ հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին տրամադրվել են սարքավորումներ խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով:
 
Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, ովքեր մարզի համայնքների ղեկավարների հետ գործուն աջակցություն են ցուցաբերել ծրագրի իրականացման գործում: «Շատ ուրախալի կլիներ, որ նման ծրագրերն ունենային իրենց շարունակությունը, որովհետև այսօրինակ ծրագրերով լուծվում են մարզի կանանց սոցիալական խնդիրները:  Այսպիսի ծրագրերը բոլորիս համար էլ կարևոր են»,- իր ելույթում նշեց Լոռու փոխմարզպետը:
 
 Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շամլուղ, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում, Օձուն, Հաղպատ, Ճոճկան և Աքորի համայքներում հիմվել և արդեն իսկ ակտիվ  գործում են «Կանանց խորհուրդներ», որոնք ակտիվորեն մասնակցում են համայնքներում որոշումների կայացման գործընթացին, բարձրացնում են կանանց հիմնախնդիրները և տարբեր կառույցների և համայնքի կանանց համագործակցության շրջանակներում փորձում են լուծում տալ դրանց: 
 
Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 768.357 եվրո: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ: Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: 31.12.2014թ.-ի դրությամբ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակվել են 5 համախմբի համար տեղական տնտեսական զարգացման մոդելներ և իրականացվել է 7 բիզնես դասընթաց, որից 6-ը՝ CEFE մեթոդոլոգիայով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play