Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2010թ. արդյունքները


Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2010թ. արդյունքները

  • 28-12-2010 16:07:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայկական գիտության կենտրոններից մեկը` Բյուրականի աստղադիտարանը ամփոփել է իր տարին ու հաշվետվություն ներկայացրել իր գործունեության վերաբերյալ: Հայ աստղագետներին հաջողվել է ստանալ որոշ գիտական արդյունքներ, որոնք էական նորություն են եւ գիտական, եւ մեթոդական առումով: Դրանց թվում հատուկ պետք է առանձնացնել այն նոր արդյունքները, որոնք վերաբերում են առանձին տիեզերական օբյեկտների վրա Տիեզերքի արագացող լայնացման ազդեցությանը: Բանն այն է, որ այսօր համարվում է, որ Տիեզերքի ամբողջ էներգիայի կամ նյութի ավելի քան 70 տոկոսը կենտրոնացած է այսպես կոչված մութ էներգիայի մեջ, որն էլ հենց պայմանավորում է Տիեզերքի արագացող լայնացումը: Այդ հարցի քննարկման առաջին արդյունքները վկայում են այն մասին, որ վերոհիշյալ մեխանիզմի աշխատանքի շնորհիվ տիեզերական մարմիններում կուտակվում է դրական էներգիա, որն էլ հենց դառնում է այդ մարմինների ակտիվ էներգազատման աղբյուր, եւ որի շնորհիվ դիտվում են ակտիվության տարբեր դրսեւորումներ: Բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացվել Արեգակի հրվիժակներում արագությունների դաշտի որոշման ուղղությամբ: Ելնելով զուտ ֆիզիկական մոտեցումներից, հաջողվել է տեսականորեն ստանալ առնչություններ, որոնց շնորհիվ կարելի է որոշել ճառագայթող տիրույթների կինետիկ ջերմաստիճանն ու, այսպես կոչված, օպտիկական հաստությունը, որը բնորոշում է նյութի քանակն ու լույսը կլանելու նրա հատկությունը: Խնդիրների մի առանձին դաս է նաեւ երկնքում օբյեկտների հնարավորինս ճշգրիտ կոորդինատների որոշումը, որը այդ նույն օբյեկտների տեղաշարժերի հաշվարկման հիմքն է: Ինչ վերաբերում է օբյեկտների տեղաշարժերի կամ արագությունների մեծ ճշտությամբ որոշմանը, ապա անհնար է գերագնահատել այդ բնագավառում ցանկացած առաջընթացի նշանակությունը: Հաճախ հենց նման խնդիրների վրա է խարսխված տիեզերական օբյեկտների ու դրանց համակարգերի էվոլյուցիոն առանձնահատկությունների պարզաբանումը: Ահա, հենց այս բնագավառում էլ առաջարկվել եւ կիրառվել է նոր մեթոդ, որն աչքի է ընկնում իր աննախադեպ ճշգրտությամբ: Բավականին մեծ աշխատանք է կատարվել աստղային օբյեկտների էվոլյուցիայի ամենավաղ փուլերի ուսումնասիրության ուղղությամբ: Այս բնագավառում բավականին շատ են եւ նոր հետաքրքիր օբյեկտների հայտնաբերման փաստերը, եւ դրանց մանրակրկիտ հետազոտությունները: Տարվա ընթացքում զանգվածային լրատավության միջոցներն արդեն բավականին լայնորեն լուսաբանել են եւ միջազգային դպրոցի կազմակերպումը, եւ Բյուրականում ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղի ստեղծման, երկրաշուրջ ուղեծրերում անտրոպոգեն բեկորների որոնման ծրագրում ընդգրկվելու, Բյուրականում արտաարեգակնային մոլորակների որոնման խոշոր նախագիծ ձեռնարկելու եւ այլ ծրագրերի մասին բանակցությունների արդյունքները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն